Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսի ճանապարհի հայկական ուրվագծումները

Հունվար 09,2019 00:59

Մետաքսի ճանապարհը պատմական հին ժամանակներից ոչ միայն առեւտրատնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով ռազմավարական հատուկ նշանակություն է ունեցել առնչակից երկրների համար:

Այդ ճանապարհի գործարկման, վերահսկողության համար ազդեցության գոտիների բանեցման բախումներ, ընդհարումներ, հանրային շահերի ձեւավորումներ եւ անշուշտ պետական քաղաքականությունների հատման, խաչաձեւման կամ համադրման կետեր են ստեղծվել տարբեր հանգրվանների:

Համաշխարհայնացումը աշխարհագրական տարածությունների կամ սահմանակից մերձավորությունների ազդեցությունը որոշ առումով չեզոքացրել է: Սահմաններն ու աշխարհագրական հեռավորությունները նախկին անփոխարինելիությունն ու անշրջանցելիությունը չեն ներկայացնում, վիրտուալ շուկաների գերաշխուժացման իրականության դիմաց:

Այնուամենայնիվ, ցամաքային կապը հատկապես զինվորական, առեւտրատնտեսական եւ ապրանքաշրջանառության համար շարունակում է պահել իր գործունակությունը։

Երկրագնդի երկբեւառացումից դեպի միաբեւեռ դրության անցումը, ապա, գեթ տպավորության սահմաններում բազմաբեւեռային համակարգի  ուրվագծվող գործընթացը եւ վերջապես տնտեսական նոր հսկայի կայացումը արդեն տեսանելի է դարձնում այսօրվա համակարգի Հեռավոր Արեւելքի կամ Չինաստանի բեւեռային տնտեսաքաղաքական կերպարը:

Չինաստանը միջազգային շուկա մուտք  է գործում մեծ դռներից եւ նույնիսկ տնտեսական հսկաներին է պարտավորեցնում ոչ անպայման հորիզոնական դիրքերից բանակցել իր հետ: Չինական այլընտրանքը ամենուրեք է:

Իրողական այս պարունակում պետք է ընկալել նաեւ պատմական մետաքսի ճանապարհի վերագործարկման համար Չինաստանի կառավարության մշակած հայեցակարգը: Ակադեմիական շրջանակներ, հասարակական կազմակերպություններ այժմեական հրատապությամբ արծարծում են խնդիրը ճանապարհային քարտեզի ձեւավորման նմուշներ ներկայացնելով քննարկումներին:

Հայկական առումով թե՛ պետական եւ թե՛ հասարակական մակարդակներում մետաքսի ճանապարհի հեռանկարը ռազմավարական հատուկ նշանակություն է ունեցել: Նախ, իհարկե, պատմական առումով, երբ պատմական հայրենիքն ու Կիլիկյան Հայաստանը աշխարհագրականորեն ներգրավվել էին այդ ռազմավարական ճանապարհին. եւ ապա բնականաբար` այժմեական իմաստով:

Հակառակորդների կողմից շրջափակված Հայաստանի Հանրապետությունը Իրանից, Ռուսաստանից անցնող այս ճանապարհին մինչեւ Հեռավոր Արեւելք երկարման ընթացքում կամրջման դեր ունի, ինչ որ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով համազոր է մեր երկրի ապաշրջափակման եւ ապամեկուսացման:

Պատմական ճանապարհին առնչվել են 63 երկրներ` Ասիական, (միջին եւ հեռավորարեւելյան), եւրոպական, աֆրիկյան: Ցամաքամասեր եւ տարբեր երկրներ ու ժողովուրդներ փոխկապակցող այս ճանապարհային գործընթացը ըստ էության ստեղծել է նաեւ տարբեր կրոնների, մշակույթների, լեզուների, ազգագրությունների, հավատների փոխհարաբերություններ:

Իսկ պատմական Կիլիկիան այս առումով եղել է երկխոսության, եւ նշված ոլորտների միջեւ փոխհարաբերությունների աշխարհաքաղաքական կարեւորագույն կետերից մեկը:

Պատմական եւ հատկապես կրոնամշակութային եւ համամարդկային արժեքների վերարծարծման նպատակներով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ձեռնարկել է մետաքսի ճանապարհի այս թեմաներին առնչված խորհրդաժողով, որին մասնակցում են Չինաստանից,Եվրոպայից եւ Միջին Արեւելքից գիտնականներ, փորձագետներ, պատմաբաններ, տնտեսագետներ:

Մետաքսի ճանապարհի վերագործարկման աշխարհաքաղաքական ծրագիրը խիստ հեռանկարային է՝ դիտված հայկական կողմից: Իսկ այս առումով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությունը՝ այդ հեռանկարի հայկական ուրվագծումներին հիմնովին նպաստող քայլ է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031