Լրահոս
Օրվա լրահոսը

«Խամ» վարորդի խրոնիկները. ամիս 1

Հունվար 09,2019 09:00

Վարորդների համայնքը ներառական չէ, եթե նորեկ ես, սովորաբար, պետք է կա՛մ փորձ ձեռք բերես (այսինքն՝ էլ նորեկ չլինես), կամ էլ մեծ-մեծ խոսես: Իսկ «խամ, աղջիկ վարորդը» իսկական դժբախտություն է, այս արտահայտության հեղինակային իրավունքները ինձ չեն պատկանում, բայց լսել եմ բազմիցս տարբեր մարդկանցից: Հավատացե՛ք, շատ դժվար է ապրել այն «գիտակցությամբ», որ դու փորձանք ու դժբախտություն ես, նամանավանդ այն դեպքում, երբ շատ ես ուզում այդպիսին չլինել: Բայց ինչ արած, ոչինչ չեմ կարող փոխել՝ ես աղջիկ եմ, ու «խամ» վարորդ:

Շատ ժամանակ չի անցել, ինչ վարորդական իրավունք ստացա, գրեթե մեկ ամիս: Վարորդական իրավունքի վկայականը ստանալու հաջորդ օրվանից վարել եմ, բայց համարձակությունս և առողջությունս չէր ներում, որպեսզի մենակ վարեմ: Այդ իսկ պատճառով խնդրում էի ընկերոջս միանալ և մասնակից դառնալ իմ դաժան փորձություններին: Մինչև վարորդական իրավունք ստանալը երկու ամիս վարել եմ ուսումնական մեքենա, բայց այլ բան է, երբ կողքդ նստած է մասնագետ, որը յուրաքանչյուր պահի կարող է արգելակել և հետ պահել բազմաթիվ փորձանքներից, ուրիշ բան է, երբ ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա է:

Եթե ինձ նման որոշել եք մենակ չերթևեկել, ապա պատրաստ եղեք պարբերաբար մունաթներին, գոռգոռոցներին ու քննադատություններին: Իսկ եթե դուք մի օր նստեք ուղևորի աթոռին, խնդրում եմ մի արեք էդպես, հավատացե՛ք այդպես ավելի վտանգավոր իրավիճակներ եք ստեղծում, և մի նեղվեք նորեկ վարորդի ագրեսիվ արձագանքից:

Այս ընթացքում երկու անգամ եմ մենակ մեքենա վարել. այնքան վախենալու չէր, որքան ես էի պատկերացնում: Բայց ամեն անգամ տուն հասնելուց վախը չափելու ու շաքարաջուր խմելու խիստ կարիք էի ունենում: Հիմա կասեք՝ եթե վախենում ես, մի՛ քշի, հավատացե՛ք հենց այդ պահին ես չէի վախենում, բայց երբ մտովի պատկերացնում էի, որ այսքան ճանապարհ եմ անցել, ինչ դժվարություններ եմ հաղթահարել, իրոք վախենալու էր:

Աղջիկները կայանել չգիտեն, բայց պատահում են էնպիսի աղջիկներ, որ տղայից էլ լավ են կայանում: Այս արտահայտության հեղինակային իրավունքները, բարեբախտաբար, ևս իմը չեն.  հարցրեք գրեթե բոլոր տաքսիստներին ու կլսեք այս արտահայտությունը: Չեմ ասում՝ այս գործում աս եմ, բայց մեր բակում կամ այն վայրերում,  որտեղ սթրեսի ենթարկվելու հավանականությունը քիչ է, կարողանում եմ նորմալ կայանել մեքենան, լինում է նաև՝ առաջին անգամից ստացվում է: Իսկ երբ մարդաշատ ու մեքենայաշատ վայր է, միայն այդ փաստը հերիք է, որ ես մի քանի սխալ իրար հետևից կատարեմ: Բայց բարեբախտաբար, գտնվում են մարդիկ, որոնք առանց խնդրելու միանգամից հայտնվում են այդ վայրում ու օգնում են տեղավորվել: Հատուկ շնորհակալություն հենց այդ մարդկանց, անչափ շնորհակալ եմ, բայց խնդրում եմ՝ հետո չասեք՝ մի աղջիկ էր, չէր կարողանում մեքենան կայանել, ես դրանից շատ կնեղվեմ, որովհետև չնայած բազմաթիվ այլ դեպքերի, երբ նույնիսկ ես եմ ծիծաղում, այդ աղջիկը ես եմ:

Կան նաև այլ մարդիկ, որոնք աշխատում են կայանատեղերում, ու ենթադրվում է, որ նաև պետք է օգնեն, բայց որոնք, ի տարբերություն իրենց նախաձեռնության օգնող քաղաքացիների՝ բացահայտ սեքսիստ են: Իրենց պատճառով ես հաճախ ինձ ստորացած եմ զգում, չեմ ուզում ընդհանրապես մեքենա վարել ու քիչ է մնում արդեն հայտարարություն գրեմ, որ վաճառում եմ մեքենաս (մի անգամ նույնիսկ տեքստը գրել պատրաստել էի, մնում էր միայն մեկ քլիք և վերջ, բայց ինչ մեղքս թաքցնեմ, չհամարձակվեցի): Դեպքերից մեկը, մոլերից մեկի կայանատեղում էր, երբ փորձում էինք կայանելու տեղ գտնել, մի հրաշալի անձնավորություն, դիմելով ուղևորի աթոռին նստած ընկերոջս ու արհամարհական նայելով իմ կողմ, մի քանի անգամ կրկնեց՝ «ապե՛, չէիր կարա դու քշեիր»: Եթե Դուք հանկարծ կարդում եք, իմացե՛ք, Դուք փչացրել եք իմ օրը, ու ընդհանրապես պետք չէ այդպես անել:

Ես հավատում եմ, որ սովորելու համար պետք է սխալներ կատարել: Առանց սխալներ կատարելու համ կյանքն է անհետաքրքիր դառնում, համ էլ փորձ չես ձեռք բերում: Սրանով չեմ արդարացնում իմ կատարած սխալները, ուղղակի փորձում եմ դրանցից դաս քաղել ու չկրկնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն վարորդներին, որոնք հանդուրժող են եղել իմ նկատմամբ, ու մեղմ են վերաբերվել իմ սխալներին, ներողություն եմ հայտնում բոլոր նրանցից, ում նյարդայնացրել եմ ու դեռ կնյարդայնացնեմ (այստեղ խոսքը բարեխիղճ վարորդների մասին է). խոստանում եմ՝ ես կուղղվեմ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արա says:

    Հարգելի Ամի:
    Առաջարկում եմ Ձեր մեքենայի հետևի հողմապակուն փակցնել տարբերակիչ նշան/կրունկով կանացի կոշիկ/ կամ փափուկ խաղալիք: Անձամբ ես, եթե նախապես իմանում եմ, որ մեքենան իգական սեռի ներկայացուցիչ է վարում, առանց ներվայնանալու հանդուրժում եմ ցանկացած փոքր և մեծ սխալ, բացառությամբ խաչմերուկի մեջտեղում խցանում ստեղծելուց, երբ կին վարորդը հեռախոսով խոսելու պատճառով է խաչերուկում այդ խցանումը ստեղծում: Տարբերակիչ նշանը կօգնի վարելու ընթացքում միայն, իսկ կայանելու ժամանակ, եթե ինչ որ տղամարդիկ իրենց մեծամիտ վարվելաձևով Ձեր տրամադրության վրա ազդում են, ապա իմացեք, որ դրանք միջինից ցածր որակի վարորդներ են /կամ մարդիկ/, որոնք առնվազն չունեն իսկական պրոֆեսիոնալ վարորդի մեծահոգությունը: Ի դեպ ես ինքս էլ արդեն 16տարի անընդմեջ մեքենա եմ վարում, բայց կայանելու հմտություններս երևի թե մի կերպ բավարար կարելի է գնահատել: Ես դրանից չեմ նեղվում, և երբեմն կողքից քմծիծաղ տվող “պրոֆեսորներին” կես-կատակ կես-լուրջ ասում եմ, որ ես էլ իրենցից շատ ավելի լավ ճանապարհային երթևեկության կանոնները գիտեմ:

    • Ամի ՉԻՉԱԿՅԱՆ says:

      Հարգելի Արա,
      Շնորհակալ եմ արձագանքի և աջակցության համար: Բայց համաձայն չեմ Ձեր առաջարկած տարբերակի հետ:
      Ես կողմ եմ «նոր վարորդ» տարբերանշանին (ինչպես նյութի գլխավոր նկարում), կարծում եմ՝ նոր վարորդը մնում է նոր վարորդ՝ առանց տարբերության, թե որ սեռին է պատկանում:

      • Արա says:

        Ընդհանուր առմամբ Դուք ճիշտ եք հարգելի Ամի: «Նոր վարորդ» տարբերանշանը առավել ընդունելի տարբերակն է, բայց ես երբեք նման տարբերանշանով մեքենա Հայաստանում չեմ տեսել: Ռուսաստանում երբեմն մեքենայի վրա կպցրած թեյնիկի եմ հանդիպել, որը հումորային ձևով նախազգուշացնում է անփորձ վարորդի մասին: Մեր մոտ միայն փափուկ խաղալիք և կանացի կրունկով տարբերանշաններ եմ տեսել, ինչը սակայն տղամարդ անփորձ վարորդները բնականաբար չեն օգտագործում, իսկ «Նոր վարորդ» տարբերանշանից նրանցից որոշները ևս կօգտվեին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031