Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ անգամ՝ հնդիկների մասին

Հունվար 09,2019 10:00

«Էդ որ հնդիկները եկել, լցվել են քաղաքը, սրա վերջը ի՞նչ է լինելու»,- հարցնում է ինձ տաքսու վարորդը: «Ինչո՞վ են ձեզ հնդիկները խանգարում»,- հարցնում եմ ես: «Ո՞նց թե ինչով են խանգարում,- զարմացավ զրուցակիցս,- եկել, ապրում են իմ հողում, հեսա Երեւանում ընդհանրապես հայ չի մնա՝ սաղ հնդիկ ու պարսիկ են լինելու, մեր ազգի արյունը խառնելու են»: Եվ հնդիկների թեմայից սահուն անցավ աղանդավորներին եւ միասեռականներին՝ եզրակացնելով. «Ինչ կեղտոտ բան գալիս է, սաղ Եվրոպայից է գալիս»: Հավանաբար զրուցակիցս ենթադրում էր, որ հնդիկներն էլ են Եվրոպայից եկել:

Տաքսու վարորդի օրինակը ես միշտ բերում եմ որպես «միջին վիճակագրական» հայաստանցու մտածողության մոդել: Պարզ է, որ մեր երկրում կան ակադեմիկոսներ, որոնք ճիշտ նույն ձեւով են մտածում, եւ կան շուկայում կարտոֆիլ վաճառողներ, որոնց աշխարհընկալումն ավելի առաջադեմ է: Բայց համաձայնեք՝ հիմնական մտայնությունն այն է, որ մեր ազգն ավելի զարգացած է, մաքրասեր է, քաղաքակիրթ է, քան հնդիկները, պակիստանցիները, պարսիկները եւ «տարածաշրջանային» այլ ժողովուրդները, եւ մենք պետք է նրանցից զգուշանանք, իսկ հնարավորության դեպքում՝ ազատվենք: Հատկապես հնդիկների քաղաքակրթության մասին արժե, կարծում եմ, մի քանի բան կարդալ՝ նրանց (ինչպես նաեւ, ի դեպ, պարսիկների) մշակույթը նույնքան հին է եւ նույնքան զարգացած, որքան մերը: Սակայն ռասիզմի, ինչպես նաեւ ցանկացած այլ՝ կրոնական, սեռական, քաղաքական անհանդուրժողականության հիմքում տգիտությունն է: Եվ հակառակը՝ երեւույթների եւ կարծիքների բազմազանությունն ընդունելի է այնքանով, որքանով մարդն ունի դրանց մասին գիտելիք, տեղեկատվություն:

Ինչո՞ւ է որոշ ուժերի հաջողվել Կարագանդայում տրամադրել մի խումբ ղազախ երիտասարդներին հայերի դեմ (հուսով եմ՝ ժամանակավորապես). որովհետեւ նրանք մեր մասին գիտեն մոտավորապես նույնքան, որքան մեզանից շատերը՝ հնդիկների եւ Հնդկաստանի մասին:

Վերջերս համացանցում տեսա ստորագրահավաք, որը պահանջում էր հնդիկների եւ որոշ այլ օտարերկրացիների արտաքսում Հայաստանից: Երեկ այդ կայքէջը ջնջվել էր՝ հավանաբար կա՛մ կայքի տերերը, կամ էլ կազմակերպիչները գիտակցել են նման նախաձեռնության ռասիստական բնույթը: Բայց մինչեւ կայքի անհետացումը ես տեսել էի, որ այդ հայտադիմումը ստորագրել է մի քանի հարյուր հոգի: Ցավոք, ենթադրում եմ, որ հայերի մեջ շեղվածներն ավելի շատ են: Նույնքան, որքան բոլոր այլ ազգերի մեջ:

Մարդկանց հոգեկան (եւ հոգեւոր) շեղումների պատճառն այն թյուր կարծիքն է, թե իբր աշխարհում կան մարդիկ, որոնք ապրում են մեր հաշվին, եւ եթե այս կամ այն անձնավորությունը կամ ազգը կողքդ չլինի, ահա մենք սկսելու ենք ազատ շնչել: Իրականում «շնչելու օդը» լիքն է՝ հաստատ բոլորին կհերիքի: Ինչպես ասում էր հնդիկ մեծ մտածող Մահաթմա Գանդին՝ «ապրելու միակ ձեւը ուրիշներին ապրելու հնարավորություն տալն է»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հայաստանում այնքան անտանելի մոնոէթնիկ մթնոլորտ է, որ ուրիշ մշակույթների ներկայության անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։ Ոչ մի լավ բան չկա նրանում, որ ուր նայում ես, չորս կողմից լսվում է նույն լեզուն՝ այն էլ ոչ միշտ գրագետ, նույն անունները, նույն դիմագծերն ես տեսնում և մեծ մասի մենտալիտետն էլ քարացած, կաղապարված է։ Ես Երևանում սովորելու տարիներին հատուկ գնում էի շուկա, որպեսզի տեսնեմ մոլոկաններին և աչքս մի քիչ բազմազանություն տեսնի։ Իսկապես, մշակութային միապաղաղությունը սպանիչ բան է։

  2. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…նրանց (ինչպես նաեւ, ի դեպ, պարսիկների) մշակույթը նույնքան հին է եւ նույնքան զարգացած, որքան մերը:» Ես կասեի՝ շատ ավելի զարգացած և շատ ավելի հին…

  3. gib.gibindus says:

    5 րոպե առաջ վերջացրի քննարկումը հնդիկ ասպիրանտի հետ: Հիմա ձեզ ո՞նց բացատրեմ, որ միլիարդանոց Հնդկաստանում 10 մլն ստախոս կա, 10 մլն ավազակ և այլն: Դա նորմալ տոկոս է: Բայց դրսում բախտ են որոնում հիմնականու դրանք: ԵՎ եթե հաշվի առնենք գաղափարազուրկ իշխանությունը, ողորմելի արտաքին քաղաքականությունը և չկայացած 4-րդ իշխանությունը՝ հարց եմ տալիս-ումից պատասխան պահանջենք, եթե Պակիստանից ներխուժեն իսլամիստներ: Թե՞ չգիտեք, որ գաղափարախոսության հիմնադիրները, սկսած Բեն Լադենից, թաքնվում էին Պակիստանում և այնտեղ էլ մարզում հրոսակներին: Պարզ հարց՝ ինչու այդ էմիգրացվող ընտանիքները 90 տոկոսով կազմված են կռվելու տարիքի տղամարդկանցից: Պակիստանը այն երկրերի թվում է, որ Հայաստանը չեն ճանաչել առ այսօր: Գոնե դրանց հոսքը փակեք՝ հետո տաքսիստների հետ եվրոպաներից փիլիսոփայեք:

  4. Լավատես says:

    Մրից հելանք որ մրջուրնն ընկնե՞նք, մարդիկ մեր ՍՍ ի գաղջից են փախել որ մտնեն այլազգի Ս-ս ի գա՞ղջը, իզուր չեն ստեղ ասում ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում, իսկ եթե քաղաքակիրթ ազգ ենք, էդ ի՞նչ քաղաքակրթություն ենք սովորեցնում մեր հնդիկ կամ պարսիկ եղբայրներին՝ թողեք ձեր հայրենիքն ու գնացեք ուրիշի երկի՞ր: Ասենք աստված չտա հնդիկ մեկը ինքն իրեն վատություն է ուզում անել, ես էլ կողքով գնում եմ ու մտածում՝ մարդն ինձ վնաս հո չի տալիս, իրան ինչ ուզում է թող անի: Էշություն, այն որ հնդիկը իր հայրենիքը լքել է, ինձ նման էշություն է արել, բա չասե՞մ եղբայր էշություն մի արա: Կարճ ասած՝ ով էլ ուզում է լինի հնդիկ թե պարսիկ՝ հազար հայ հայրենադարձի դիմաց մեկ քաղաքակիրթ ազգի թույլ տալ բնակվել ուրիշի երկրում, թե չէ չինացիներն էլ կնեղանան կասեն մենք էլ ենք քաղաքակիրթ, մենք էլ ենք ուզում:

  5. оган says:

    Խնդրում եմ պարզաբանել, ինչ առիթով են հնդիկները որոշել վերաբնակվել Հայաստանում. Երեվի Հայաստանից դյուրին է Եվրոպա փախնել!

  6. Անուշ Կարապէտյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյանին՝ հարց՝ Հայաստանի քաղաքացիություն ստացած որևէ օտարազգի (չի վերաբերվում Հայաստանում հնուց ի վեր բնակվող և Հայաստանն իրենց հայրենիքն համարող ազգային փոքրամասնություններին) բանակում կծառայի՞ և ինքնազոհաբար կպաշտպանի՞ մեր Հայրենիքը: Համեմատե՞լ եք ծնելիության տեմպերը հնդիկների և հայերի միջև: Ո՞րն է Հայաստան գալու նպատակը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031