Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ մթնոլորտ՝ Կարագանդայում, ադրբեջանական ուղղորդող քարոզչություն

Հունվար 09,2019 11:00

Իրավիճակը ժամ առ ժամ թեժացավ

Ամեն ինչ սկսվեց Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում հունվարի 1-ին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքից, որն ավարտվեց դանակահարությամբ, որի հետեւանքով երիտասարդ մահացավ, եւս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը եւ Կաիր Նադիրբեկովը ձերբակալվել էին, իրավապահ մարմիններից այդ օրերին թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ էր:

Այսպես, սոցցանցերում ղազախները կատարվածի համար մեղադրում էին հայկական համայնքի ներկայացուցիչներին: Իսկ դժգոհության ու զայրույթի արդյունքում փողոցներում հակահայկական հավաքներ սկսեցին կազմակերպել:

Հունվարի 3-ին Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Հին Հռոմ» ռեստորանում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի եւ դանակահարության հետեւանքով երիտասարդ է մահացել, եւ միջադեպին մասնակցություն են ունեցել 3 հայեր։ «Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական միջադեպի առիթով: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին: Վստահ ենք, որ հետաքննությունը պարզելու է միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն եւ օրենքով կպատժվեն: Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները եւ չեն տարածի սոցցանցերում չստուգված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հողի վրա հակամարտության երանգ»,- ասվում էր դեսպանատան հայտարարության մեջ:

Մինչ դեսպանությունը նման հորդորով հանդես եկավ՝ Կարագանդայում իրավիճակը ժամ առ ժամ թեժանում էր: Այժմ համացանցում քննարկումներ են ընթանում այն մասին, որ ադրբեջանական ինչ-ինչ ուժեր համացանցի միջոցով կարողացել են ընդդեմ հայերի քայլերի քարոզչություն իրականացնել եւ փաստորեն, ինչ-որ առումով հաջողել էին, այդ աշխատանքի արդյունքում Կարագանդայում կրքերը մի քանի օր չէին հանդարտվում: ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, իր բլոգում հայտնեց, որ Armenianreport.com կայքը տարածում է սադրիչ նյութեր հայերի անունից՝ ընդդեմ ղազախների, եւ դա ադրբեջանական կեղծ կայք է, որն էլ տարածում է նման կեղծ տեղեկություններ:

Հունվարի 6-ին Կարագանդայի ղեկավարությունը հանդիպեց «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ: Կարագանդայի ակիմատի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը նրանց մանրամասն պարզաբանում է տրվել հետաքննության ընթացքի մասին: Այդ օրը ոստիկանության դեպարտամենտի առջեւ տեղեկություն ստանալու նպատակով հավաքվել է 200-230 մարդ: Նրանց առջեւ ելույթ է ունեցել Կարագանդայի երկրամասի ակիմ Երլան Կոշանովը եւ սպառիչ պարզաբանում է տվել քննության ընթացքի ու հետագա քայլերի մասին: Ակիմը հայտարարել էր, թե գործի քննությունը վերցվել է ՂՀ գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ, եւ ընդգծել, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Իշխանությունները խոստացել էին, որ գործընթացը կլինի թափանցիկ ու օբյեկտիվ:

Հայտնի է, որ իրավապահները քրգործեր էին հարուցել ՂՀ քրեական օրենսգրքի «սպանություն» եւ «խուլիգանություն» հատկանիշներով հոդվածներով: Ստեղծվել եւ օպերատիվ աշխատում է քննչական խումբ:

«Չտրվել պոպուլիզմի եւ սադրանքների գայթակղությանը»

Մի քանի օրվա լռությունից հետո, երբ Հայաստանում արդեն համացանցում իշխանությունների անգործությունը քննադատվեց, հունվարի 7-ին ՀՀ իշխանությունները սկսեցին արձագանքել:

Նախ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն տարածեց, որը հիշեցրեց հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: «Բնական է, որ արված հայտարարությունը մեր կատարած աշխատանքի միայն հրապարակային կողմն է արտահայտում։ Դեսպանության տարածած այդ հայտարարության մեջ մասնավորապես հույս է հայտնվում, որ այս իրավիճակի վերաբերյալ անդրադարձ կատարելիս հիմք կընդունվեն պաշտոնական աղբյուրները, եւ սոցիալական ցանցերում չի տարածվի չստուգված տեղեկատվություն, ինչը կարող է դառնալ հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու աղբյուր՝ այս կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանը փորձելով տալ ազգամիջյան նրբերանգ: Այս հորդորը շարունակում է արդիական մնալ։ Այնուամենայնիվ, Հայաստանում տուրք են տվել որոշակի հայտարարությունների, որոնք արվել են առանց հաշվի առնելու թե՛ մեր երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը մասնավորապես, արտահայտվել է Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ, թե՛ հարցի գերզգայուն բնույթը Կարագանդայում բնակվող մեր հայրենակիցների համար»:

Այնուհետեւ նշվում էր, որ ՀՀ ԱԳՆ-ն եւ Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով, եւ որ անմիջական շփումները Հայաստանի եւ Ղազախստանի գերատեսչությունների միջեւ շարունակվում են: «Երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երեւույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որեւէ փորձ պետք է խստորեն բացառել։ Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ իրավիճակի վերահսկման եւ նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են»։ Այնուհետեւ ԱԳՆ-ի տարածած մեկնաբանությունում ասվում էր. «Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում եւ չտրվել պոպուլիզմի եւ սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի եւ անհանդուրժելի են»։

Կարեւորվեց «հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն եւ լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը»

Հունվարի 7-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարագանդայում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց ունեցավ Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ: Վերջինս նշել էր, որ անթույլատրելի է համարում դեպքին ազգամիջյան որեւէ երանգ կամ բնույթ տալը, հավաստիացրել էր, որ չի կարող որեւէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից։ Նա եւս Արման Թաթոյանին վստահեցրել էր, որ «դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաեւ հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին»:

Նույն օրը կայացավ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ էր կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները ընդգծել էին կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը: «Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարեւորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն եւ լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը: Այդ առնչությամբ կողմերն ընդգծեցին Հայաստանի եւ Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջեւ անմիջական կապի պահպանման կարեւորությունը»,- ասվում էր ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույց էին ունեցել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու Ղազախստանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովը: Վերջինս հայ գործընկերոջը վստահեցրել էր, որ անցկացվելու է արդար քննություն, եւ դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: «Կողմերը խոսել են նաեւ Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաեւ միջազգային լրահոսում: Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը»,- ասվում էր ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

«Պատասխանատու է» կատարած արարքների համար, բայց՝ «ուրիշի մեղքն իր վրա չի վերցնի»

Պաշտոնական շփումների մասին հաղորդագրությունների ֆոնին թե՛ ղազախական, թե՛ հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից հայեր են արտաքսվում, սակայն ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց նշյալ լուրերը՝ նշելով. «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է միգրացիոն օրենսդրության շրջանակներում, եւ արտաքսումն իրականացվում է սահմանային անցակետում՝ համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու դեպքում: Դա որեւէ կապ չունի Կարագանդայում ստեղծված իրավիճակի հետ»:

Ու մինչ Հայաստանում քննարկում էին Կարագանդայում ընդդեմ հայերի ադրբեջանական հետքի գործոնը, միջադեպով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը հանձնվելու պատրաստակամություն հայտնեց: Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց, որտեղ անդրադարձավ կատարվածին՝ նախ ցավակցություն հայտնելով սպանվածի ընտանիքին, այնուհետեւ հայտարարելով, թե մարդասպան չէ, պատասխանատու է իր կատարած բոլոր արարքների համար, բայց՝ «ուրիշի մեղքն իր վրա չի վերցնի»: Գուրուրյանը Ղազախստանի իշխանություններին հանձնվելու պատրաստակամություն է հայտնել, եթե վերջիններս ապահովեն իր անվտանգությունը:

Կարագանդայում քննություն է սկսվել տեղի ունեցած ծեծկռտուքի եւ սպանության գործով: Կարագանդայի շրջանի դատախազությունից հայտնել են, որ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 7 մարդ, նրանցից 5-ը կալանավորվել են: Գերատեսչության հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ «զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկումը վկայում է, որ կատարվածի իրական պատկերի աղավաղումները շարունակվում են կանխակալ տրամադրված անձանց կողմից, չնայած որ ավելի վաղ դատախազությունը պարզաբանել էր նման գործողությունների իրավական հետեւանքները»: «Մասնավորապես, «Վ կոնտակտե» սոցցանցում բացահայտվել է մեկնաբանություն, որը կոչ է անում ուժ գործադրել որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերը նշված վեճի հետ: Այդ փաստի առիթով 2019թ. հունվարի 5-ին Կարագանդայի մարզի ոստիկանության բաժնում սկսվել է քննություն Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 174 հոդվածով (Սոցիալական, ազգային, տոհմային, ռասայական, դասային կամ կրոնական երկպառակություն հրահրել)»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ՝ հունվարի 7-ին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ինչքան ինձ են զեկուցել՝ կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, եւ դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաեւ ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ, այստեղ ազգամիջյան որեւէ կոնֆլիկտ լինել չի կարող»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 9.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031