Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում մահացած 5 ամսական երեխայի ծնողների բողոքը

Հունվար 08,2019 23:23

Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 4-ին «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոցում» 5 ամսական աղջիկ երեխայի մահվան դեպք էր գրանցվել։ Հայրը՝ Սարգիս Միքայելյանը, դիմել էր ոստիկանության «Կումայրի» բաժին՝ երեխայի մահվան մեջ մեղադրելով բժշկուհուն։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ Aravot.am-ին հայտնել էր, որ ծնողի հաղորդումը ՀՀ Քրեական դատավարության 180-181 հոդվածների սահմանած կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայանա քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում։

Մարի Միքայելյանի ծնողներն Aravot.am-ին պատմեցին, որ երեխային հոկտեմբեր ամսից սկսած պարբերաբար բուժման են տարել վերոհիշյալ հիվանդանոց․ նա եղել է բժշկուհի Հասմիկ Խաչատրյանի հսկողության տակ։ Ամեն բուժումից հետո բժշկուհին ասել է, թե լիակատար առողջ է ու տուն է ուղարկել, սակայն ամեն անգամ մի քանի օր չանցած՝ երեխան նորից վատացել է։

Ըստ ծնողների, Մարիին ճիշտ չեն ախտորոշել, թոքերը ռենտգեն են արել ընդամենը մի անգամ՝ հոկտեմբերին։ Միշտ ասել են, որ թոքերն առողջ են, մինչդեռ, ըստ հոր, դատաբժիշկը փոխանցել է, որ երեխան մահացել է սուր շնչառական անբավարարությունից ու թոքաբորբից։

«Առաջին անգամ Մարիիս պառկեցրել են հիվանդանոց հոկտեմբերին, բժշկուհին ասաց՝ բրոնխներն են, մոտ 7-10 օր բուժում ստացավ, մի քանի օր հետո այցելեցինք բժշկին, ասաց լիակատար առողջ է։ 3-4 օր հետո երեխան ջերմության մեջ վառվում էր, նորից տարել ենք բժշկի, այդ անգամ բժշկուհին ասաց, թե միզասեռական օրգանների սուր բորբոքում է, հակաբորբոքային նշանակեց։ 2-3 օր անց նորից ենք տարել, հազ է ունեցել։

Դեկտեմբերին էլ մոտ տաս օր պառկեցինք հիվանդանոցում։ Երեխայի մոտ անընդհատ խորխոտ հազ կար, բայց բժշկուհու ասելով՝ թոքերը մաքուր էին։ Դեպքից մի օր առաջ էլ երեխան նորմալ չէր սնվում, չէր քնում, զանգեցինք բժշկուհուն, նուրոֆեն նշանակեց հեռախոսազանգով, բայց դա բացարձակ չօգնեց, 5 րոպե քնում, նորից արթնանում էր»-պատմում էր մայրը՝ Գայանեն։

Իսկ դեպքի օրը առավոտյան ժամը 11-ին պայմանավորվել են բժշկուհու հետ, գնացել հիվանդանոց, ըստ ծնողների, երեխային զննելուց հետո բժշկուհին ասել է, որ կոկորդն է կարմրած։ Տուն են եկել, մայրը երկու անգամ զանգել է բժշկուհուն, թե նուրոֆենը չի օգնում, ջերմությունն իջեցնելու համար մոմիկ են նշանակել, որը ևս չի օգնել, երեխան սկսել է տնքալ բարձր ջերմությունից, ավելի վատանալ։ Զանգահարել են բժշկուհուն, որն արդեն Երևանում է եղել ու խորհուրդ է տվել գոլ ջրով շփել մարմինը ու ջերմությունը չափել։ Երեխան այնքան է վատացել, որ արագ հասցրել են հիվանդանոց։ Այստեղ ուղարկել են թոքերը նկարելու, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ու երեխան մահացել է։

Ծնողների ասելով՝ բուժող բժշկուհին այդ խառը ժամանակ ևս հեռախոսազանգով պնդել է, որ թոքերին ոչ մի բան չկա, իսկ հիվանդանոցում ասել են՝ երևի սիրտն է լայնացած։

«Ոչ մի անգամ ռենտգեն չարեցին, ոչ մի անգամ թոքաբորբից չխոսեցին, բայց պարզվեց երեխաս թոքաբորբից է մահացել, միշտ կիսատ բուժված՝ երեխային դուրս գրեցին, ասելով՝ կատարյալ առողջ է», -մղկտում է մայրը։

Հայրն էլ փոխանցեց․ «Իմ պահանջ է բժշկուհուն ցմահ տալ, հիվանդանոցը փակել»։

Երեխայի ծնողները փոխանցեցին, որ ամեն ինչ անելու են ճշմարտության բացահայտման համար, որպեսզի ոչ մի ծնող այլևս նման վիշտ չտեսնի։ Ըստ նրանց, միշտ մանկական մահվան դեպքեր են գրանցվում այս հիվանդանոցում ու միշտ, չգիտես ինչու, անհետևանք են մնում։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ ժ/պ Հասմիկ Պետրոսյանն Aravot.am-ին ասել էր․ «Որևէ մեկնաբանություն չեմ տա, քանի որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն»։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև երկրորդ կողմից, սակայն հիվանդանոցի ղեկավարությունը Հասմիկ Պետրոսյանի միջոցով փոխանցել էր, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և սպասում են պատասխանին։

Նշենք, սակայն, որ պատրաստ ենք լսել բժշկուհու մեկնաբանությունն այս թեմայի շուրջ; Որքան էլ դատաբժշկական փորձաքննություն նշանակված լինի, ցանկալի է լսել նաև նրան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031