«2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում թվով 19 բժշկական կազմակերպություններում առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, դիտարկումներ, որոնցից 11-ը ավարտվել են 2018 թվականին»,- Aravot.am-ի հարցին` արդյոք Հայաստանի այլ բժշկական հաստատություններում և բուհերում նույնպե՞ս ֆինանսական ստուգումներ են անցկացվել, այսպես պատասխանեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք` իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հեղափոխությունից հետո, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ձեռնամուխ եղավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ֆինանսական լայնամասշտաբ ստուգումների, իսկ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ Երևանի պետական համալսարանի։
Ձեռնպահ մնալով ստուգումների արդյունքների մասին կարծիք հայտնելուց՝ Ավետիք Իշխանյանին հետաքրքրում են հետևյալ հարցերը. «Արդյոք Հայաստանի այլ բժշկական հաստատություններում և բուհերում նույնպե՞ս ֆինանսական ստուգումներ են անցկացվել։ Եթե՝ այո, արդյոք այդ հաստատություններում ամեն ինչ կարգի՞ն է եղել։ Համենայնդեպս, հանրությունն այդ մասին տեղյակ չէ։ Եթե՝ ոչ, ապա արդյոք վերոնշյալ ստուգումները չե՞ն եղել այն պատճառով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն Արա Մինասյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, իսկ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Սերժ Սարգսյանը»։
Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ` մնացած բժշկական կենտրոններում դեռևս ուսումնասիրությունները շարունակվում են: Վերոնշյալից թվով 10 կազմակերպություններում ուսումնասիրությունները իրականացվել են քրեական գործերի շրջանակներում:
Մամուլի խոսնակի փոխանցմամբ` ընդհանուր առմամբ ֆինանսական շեղումը կազմել է 1,415,354,467 ՀՀ դրամ: Արդեն իսկ վերականգնվել է 16,899,220 ՀՀ դրամ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ