Հունվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ:
Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը՝ այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար:
Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու տոնական օրերի ծառայությունը ոստիկանության պետը ընդհանուր առմամբ դրական գնահատեց. քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք զոհերի թվի նվազում:
Վալերիյ Օսիպյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով ու շարունակել բարեխիղճ ծառայությունը:
Հրաման տրվեց հանդուրժողականություն չցուցաբերել ոչ մի օրինախախտի նկատմամբ, քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին բացառել շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը, բարձրացնել հաշվառման-քննական ստորաբաժանումներում ծառայության որակը, կանոնակարգել հերթերը, ճանապարհապարեկային ծառայությունը առավել հաճախ կազմակերպել այն վայրերում, որտեղ լինում են եղանակային վատ պայմաններ, օգնել ու աջակցել վարորդներին:
Ոստիկանության պետը ևս մեկ անգամ խիստ հանձարարեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և նշեց, որ ծառայությունը հաճախ ստուգվելու է:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված այլ հարցեր:
ՀՀ ոստիկանություն