Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ուղղված հունվարի 1-ին Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկում տեղի ունեցած սպանության կասկածյալներից Նարեկ Գուրուրյանին:
Ավելի վաղ Գուրուրյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ ինքը մարդ չի սպանել և պատրաստ է հանձնվել Ղազախստանի ոստիկանությանը:
«Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն և խորհուրդ է տալիս քաղաքացի Գուրուրյանին ինքնակամ հանձնվել ոստիկանության ծառայողներին՝ խուսափելով ծանրացուցիչ հանգամանքների առաջ գալուց»,- տեսաուղերձում ասում է տեղեկատվության բաժնի տնօրեն Ալմաս Սադուբաևը:
Նա հիշեցրել է, որ այս պահին խուլիգանական գործողության և 23-ամյա տղամարդու սպանության կասկածանքով Կարագանդայում ձերբակալվել և կալանավորվել է 8 մարդ, կասկածյալներից մեկի՝ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ