Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու նախարար կա, որոնցից ես շատ հիասթափված եմ, մեկը Արտակ Զեյնալյանն է, մյուսը՝ Արայիկ Հարությունյանը». Դանիել Իոաննիսյան

Հունվար 08,2019 18:55

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր հրապարակային անվստահություն է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Արդարադատության նախարարությունը շրջանառել է հակակոռուպցիոն ռազմավարությունը 2019-2022 թվականների համար, որում այսպիսի ձևակերպում կա՝ «Վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ` հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը»… (Կեցցե՞ ՀՀԿ-ն):

Նախարարությունը նաև մտադիր է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմնական փոփոխությունները (կապված ապօրինի հարստացման, միասնական մարմնի ստեղծման և այլնի հետ) իրականացնել միմիայն 2021-2022 թվականներին… 3 տարուց, Կառլ, 3 տարուց: Ուկրաինայում դա արվեց հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո: Սույնով իմ բացահայտ անվստահությունն եմ հայտնում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ պահանջում պատշաճ հանրային քննարկման դնել հակակոռուպցիոն ռազմավարությունը»:

Aravot.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը, մեր հարցին՝ չե՞ք փորձել ընդունելություն պահանջել, հանդիպել, անձամբ Արտակ Զեյնալյանից պատասխան ստանալ, թե՞ գտնում եք, որ ռազմավարության մեջ այդ ձեւակերպումը չի կարող որեւէ արդարացում ունենալ, կամ որեւէ բացատրություն ունենալ՝ պատասխանեց. «Հարցը միայն այդ ձեւակերպումը չի, ազնվությամբ ասեմ՝ ուղղակի այդ ձեւակերպմամբ անձամբ իմ համբերության բաժակը լցվեց: Այդ ձեւակերպումը խնդրի մի մասն է միայն ռազմավարության մասով: Ավելի լուրջ խնդիրներ կան: Ուկրաինայում միասնական հակակոռուպցիոն մարմինը ստեղծեցին հեղափոխությունից մեկ տարի հետո, Հայաստանում էդ ի՞նչն է ավելի դժվար, որ պետք է 4 տարի ստեղծեն՝ այս փոքր երկրում, որ ամեն ինչ ավելի հեշտ է, որ քաղաքական կամքը շատ ավելի մեծ է, քան Ուկրաինայում, ինչի՞ պետք է 4 տարի ստեղծեն: Քրեակատարողական հիմնարկներում ռեֆորմների գործողություների ծրագիրը, բարեփոխումների դանդաղությունը որ նայեք՝ սարսափելի է: 11 հատ կամերա դնելու համար 3 տարի ժամանակ է նախատեսում արդարադատության նախարարությունը: Իրենց տեմպերով 30 տարի հետո նոր նորմալ քրեակատարողական հիմնարկներ կունենանք: Արդարադատության նախարարության գործելաոճը թե՛ այս հարցում, թե՛ մի շարք այլ հարցերում ուղղակի անընդունելի է: Քաղհասարակության հետ իրենք ավելի քիչ են աշխատում, քան նախկինում:

Ո՞նց է ձեր համար, որ նախկին իշխանության օրոք արդարադատության նախարարության հետ աշխատանքը եղել է ավելի շատ, քան հիմա: Նախորդ քառամյակների ռազմավարություններն էլ կան, դրանք ավելի շատ են քաղհասարակության հետ քննարկվել, քան այս մեկը, սա մեղմ ասած անընդունելի է»:

Մեր դիտարկմանը, որ Արտակ Զեյնալյանն ինքը քաղհասարակությունից է եղել, ո՞նց կարող է քաղհասարակության հետ նման գործելաոճ ունենալ՝ Դանիել Իոաննիսյանն արձագանքեց. «Այո, Արտակ Զեյնալյանը քաղհասարակությունից էր, գոնե անձամբ ես բավականին ուրախացել էի, երբ իրեն նշանակել էին նախարար, բայց, ճիշտն ասած, իր գործելաոճը շատ հիասթափեցնող էր: Ես ամենաշատը հիասթափված եմ հենց Արտակ Զեյնալյանից: Երեւի երկու նախարար կա, որոնցից ես շատ հիասթափված եմ, երկուսի հետ էլ մինչեւ այդ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, երկուսից էլ հիասթափվել եմ, մեկը Արտակ Զեյնալյանն է, մյուսը՝ Արայիկ Հարությունյանը»:

Արայիկ Հարությունյանի հետ կապված Իոաննիսյանը խոստացավ փակագծերը բացել առաջիկայում, ինչ վերաբերում է Զեյնալյանին, ասաց. «Իրենք շատ վատ են աշխատում: Նախկինում՝ Դավիթ Հարությունյանի, Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, առհասարակ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ արդարադատության նախարարությունն աշխատում էր քաղհասարակության հետ, բայց քաղաքական կամք չունեին մի շարք բարեփոխումներ անելու: Հիմա կամքը կա, բայց չեն աշխատում, զահլա չեն անում աշխատեն, ոնց որ թե ինստիտուցիոնալ ռեֆորմ անում են հակակոռուպցիոն, բայց՝ 3 տարի հետո, ինչի՞ 3 տարի հետո, ի՞նչ կա այդտեղ այդքան բարդ»:

Հարցին՝ արհեստականորե՞ն են ձգձգում, ինչո՞ւ չպետք է ուզենան ավելի շուտ անել դա, եթե հնարավոր է՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ արհեստականորեն են ձգձգում, թե զահլա չունեն մի քիչ ջանք գործադրեն, ավելի դաժան ռեժիմով աշխատեն: Ինչի մեր ջանը քա՞ր է, հեղափոխությունից հետո Նոր տարին միակ առիթն էր, որ մի քիչ հանգստացանք, գիշեր-ցերեկ աշխատում էինք: Կներեք, էլի, ես պետությունից աշխատավարձ չեմ ստանում, բայց արձակուրդում գտնվելով՝ նստած էի ծովի ափին ու Քրեական օրենսգրքի փոփոխություններ էի գրում, մի քիչ էլ թող արդարադատության նախարարությունում ավելի ինտենսիվ աշխատեն: Այն տեմպը ռեֆորմների, որ իրենք նախատեսում են գործողությունների ծրագրով, ուղղակի անընդունելի է»:

Իոաննիսյանը նաեւ նշեց, որ հին ռազմավարության համեմատ ընդամենը մեկ-երկու փոփոխություն է նախատեսվում, այն էլ՝ 3-4 տարի հետո. «Մնացածը մանր-մունր ռեֆորմներ են: Մանկապարտեզների օնլայն հերթեր են ուզում մտցնել, որ մանկապարտեզների հերթերում կոռուպցիա չլինի: Չես ասի վատ բան է, լավ բան է, բայց արդյո՞ք դա է ամենամեծ խնդիրն այս երկրի»:

Հարցին՝ այս ամենը իրեն ասելու ցանկություն չկա՞՝ Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Հարցերի քանակն այնքան շատ է, խնդիրների քանակն այնքան շատ է, որ այլեւս անիմաստ է Արտակ Զեյնալյանի հետ աշխատել: Ես դա շատ մեծ ցավով եմ ասում: Զեյնալյանը եղել է իմ փաստաբանը. Երբ 2013-ին ինձ ապօրինի բերման ենթարկեցին, իմ շահերը դատարանում ներկայացնում էր Զեյնալյանը, երբ 30 տնօրեններ ինձ դատի տվեցին, իմ շահերը ներկայացնում էր Զեյնալյանի թիմը, այսինքն, իմ համար շատ ցավոտ է արձանագրել սա, բայց ստիպված եմ արձանագրել, որ Զեյնալյանի հետ աշխատել չի ստացվում ու ես, մեղմ ասած, քաղհասարակությունում միակը չեմ, ով այս կարծիքին է»:

Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Արտակ Զեյնալյանից, նա հեռախոսն անընդհատ անջատում էր, իսկ նախարարությունից հայտնեցին, որ հակակոռուպցիոն ռազմավարության հետ կապված քննադատությանը իրենք կպատասխանեն ավելի ուշ:

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, Արտակ Զեյնալյանը վերանշանակվելու է այդ պաշտոնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031