Այսօրվանից կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ բանակցություններ է սկսելու՝ գազը սպառողներին գործող սակագնով մատակարարելու վերաբերյալ: Այս մասին երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Պարոն Գրիգորյանն ասել է, որ «պետք է մանրամասն ուսումնասիրվի եւ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»:
Հիշեցնենք, որ ամիսներ տեւած բանակցությունների արդյունքում ռուսական կողմը Հայաստանի համար գազի սակագինը 15 դոլարով թանկացրեց:
Այս տարվա հունվարի 1-ից 1000 խմ գազի դիմաց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կվճարի 165 դոլար նախկինում գործող 150 դոլարի փոխարեն:
Փոխվարչապետը նաեւ նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցությունները հնարավոր է ամիսներ տեւեն եւ մինչ այդ ընկերությունը չի դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի գինը վերանայելու պահանջով:
Գազի թանկացման մասին դեկտեմբերի 31-ին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը սակայն վստահեցրեց, որ գազը թանկանում է «Գազպրոմ Արմենիա»-յի համար, սակայն՝ ոչ հայաստանյան սպառողների: Թե ինչի հաշվին է «Գազպրոմ Արմենիան» թանկ գնելու, սակայն սպառողներին էժան գներով մատակարարելու, առայժմ որեւէ հստակ պարզաբանում չկա:
Հիշեցնենք,որ դեռեւս տարեվերջին տեղի ունեցած ասուլիսում «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադեւոսյանը նշել էր, որ ««Գազպրոմ Արմենիա»-ն վնասով է աշխատում եւ իրենք «Գազպրոմ»-ից 13.6 միլիարդ գումար են վերցնում, որպեսզի ամբողջապես հոգան իրենց ծախսերը»:
Այսօր Aravot.am-ը «Գազպրոմ Արմենիայից» հետաքրքրվեց՝ եթե «Գազպրոմ Արմենիան» գազը թանկ է ստանալու, ինչի՞ հաշվին է հայաստանյան սպառողներին նախկին գնով մատակարարելու: Ընկերությունից խնդրեցին հարցերը գրավոր ուղարկել: Ընկերության պատասխանատուներին նաեւ գրավոր հարցրինք՝ մինչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բանակցություններ չե՞ն եղել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարության հետ, այսինքն՝ ընկերության համաձայնությունը չի՞ եղել:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք կա՞ն նախնական հաշվարկներ, թե գինը չբարձրացնելու դեպքում «Գազպրոմ Արմենիան» ինչպիսի՞ վնասներ է կրելու: Եթե, այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիայի» հետ կառավարությունն ունի նախնական պայմանավորվածություն՝ գազի գինը չբարձրացնելու, ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը:
Այսինքն՝ հայաստանյան սպառողին որքան ժամանակ գազը կմատակարարվի գործող սակագներով:
Հարցերի պատասխանները ստանալուն պես կհրապարակենք:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ