Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Կարապետյան. «Աղբով լի աղբամանները չեն նշանակում, որ քաղաքը թաղված է աղբի մեջ»

Հունվար 08,2019 18:12

Տոնական օրերին շատերն էին աղբահանությունից դժգոհ. երեւանցիները կուտակված աղբի լուսանկարներ էին հրապարակում ու վստահեցնում, թե աղբն օրերով չի մաքրվել, մայրաքաղաքը աղբի մեջ թաղված է եւ այլն: Երեւանի քաղաքապետարանն էլ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն էլ դատարկ աղբամանների լուսանկարներով փորձում էին ապացուցել, որ աղբահանությունը պատշաճ է կատարվում:

Այսօր էլ դերասան Սարգիս Գրիգորյանը համացանցում լուսանկարներ է հրապարկել, եւ գրառում կատարել՝ «Սա 16 թաղամաս 19 շենքի աղբն է, որն իր բուրմունքով կրկնապատկում է մեր տոնական տրամադրությունը…13, 11, 9, 7, 5 հարկերում խողովակը խցանված ա, բայց, ոչ մեկի…»

Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը վստահեցրեց, որ Սարգիս Գրիգորյանի հրապարակած լուսանկարները փոխանցել են Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին, եւ նրանք համապատասխան գործողություններն իրականացրել են: Սարգիս Գրիգորյանն էլ համացանցում շնորհակալություն է հայտնել՝ արագ արձագանքման համար:

Կարապետյանի ներկայացմամբ՝ քաղաքապետարանն այդպես է վարվում սովորաբար բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիները համացանցում լուսանկարներ են հրապարակում, կամ տարբեր միջոցներով ահազանգում են աղբի կուտակումների մասին.«Մենք դրանք փոխանցում ենք եւ փորձում ենք հնարավորինս արագ այդ խնդիրը լուծել: Եվ պետք է ասել, որ մենք ողջունում ենք համացանցում այդ ակտիվությունը, որովհետեւ դա հեշտացնում է գործը: Բայց պետք է ասեմ, որ մեր գործը, ցավոք սրտի, բարդացնում են կեղծ ահազանգերը: Պատահում է, որ ահազանգում են՝ լուսանկարները տարածում, հասցեն նշում, ու Սանիթեքը գնում է նշված հասցե, բայց պարզվում է, որ վիճակն այնքան վատ չէր, ինչպես ներկայացնում են, կամ ահազանգը կեղծ էր: Փաստորեն, մեքենան ու աղբահանող անձնակազմը զուր ժամանակ են կորցնում ու չեն կատարում այն գործը, որն ավելի հրատապ էր ու անելու էր, եթե չլիներ այդ կեղծ ահազանգը»:

Ինչ վերաբերում է տոնական օրերին աղբահանությանը, ապա Կարապետյանն ասաց՝ «Այդ օրերին խնդրի լուծումը մի քանի անգամ ավելի բարդ է լինում, քան սովորական օրերին: Դեկտեմբերի 30-ին, հատկապես 31-ին աղբի որոշակի կուտակումներ եղել են: Ես ամենայն պատասխանատվությամբ պետք է նշեմ, Սանիթեքն ու քաղաքապետարանի աշխատակազմը, վարչական շրջանների համապատասխան աշխատակազմը հնարավորինս մաքուր են պահել քաղաքը եղած ռեսուրսների սահմաններում: Աղբով լի աղբամանների առկայությունն ամենեւին չի նշանակում, որ քաղաքը թաղված է աղբի մեջ կամ աղբահանության ճգնաժամ կա: Ո՛չ, Երեւանում տոն օրերին աղբահանության ճգնաժամ չի եղել: Քաղաքը բավական մաքուր է եղել»:

Կարապետյանը նաեւ նկատեց՝ ընդհանուր առմամբ, աղբահանությունը մայրաքաղաքում անբավարար է. «Այսօր էլ քաղաքապետի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական քննարկումը՝ աղբահանության հարցի հիմնական ու արմատական լուծման ուղղությամբ, որովհետեւ այս պայմաններում՝ մեկ օպերատոր Սանիթեքն ու իր եղած ռեսուրսները, մեր երազած աղբահանությունը չենք ունենա: Բայց մոտ ժամանակներն արդյունքներ կլինեն»:

Մեր հարցին՝ ի՞նչ նորություն կա Սանիթեքը նոր աղբատար մեքենաներով համալրումից, հաճախ քաղաքի ծայրամասերում աղբը «Զիլ» մակնիշի մեքենաներով են տեղափոխում, մամուլի քարտուղարը պատասխանեց՝ «Պատշաճ աղբահանության համար ոչ միայն Սանիթեքի մեքենաները չեն բավականացնում, այլեւ անձնակազմը՝ մարդկային ռեսուրսը: Բացի այս, աղբամանները պետք է լինեն 8000 հատ, սակայն այս պահին 5200-ն են: Այդ ռեսուրսները պետք է լրացվեն, այնպես, ինչպես լրացվում են ենթակապալառուների միջոցով՝ այդ «Զիլ» մեքենաների վարձակալմամբ: Մենք հասկանում ենք՝ հնամաշ մեքենաներ են, բայց որպեսզի չհայտնվենք աղբի ճգնաժամի առաջ, օգտվում ենք վարչական շրջանների կոմունալ բաժինների մեքենաներից»:

Քաղաքապետի մամուլի քարտուղարն ասաց, որ մի առանձին խնդիր են բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակները, դրանք համարվում են շենքի կամ բնակիչների սեփականությունը, սակայն շատ դեպքերում դրանք շենքերից դուրս աղբամաններով փոխարինելը միշտ չէ, որ բնակիչները ողջունում են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031