«Լուսավոր Հայաստան»-ի նորընտիր պատգամավորներից Աննա Կոստանյանը լեզվաբան է՝ անգլերեն-պարսկերեն լեզուների մասնագետ, ունի նաեւ մանկավարժի որակավորում։ Նոր խորհրդարանում մտադիր է իր գործունեությունը ծառայեցնել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի խնդիրների լուծմանը: Երիտասարդ պատգամավորն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ օրերս հանդիպումներ է ունեցել մշակույթի մարդկանց՝ արվեստագետների, քանդակագործների, երաժիշտների, կինոգետների հետ եւ նրանցից լսել ոլորտների առանցքային խնդիրների վերաբերյալ առաջարկներ: «Օրենսդրական նախաձեռնություններով եմ հանդես գալու, բայց փակագծերը բացել հիմա չեմ ցանկանա, քանի որ մասնագիտական քննարկումները շարունակվում են: Ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիքի է կառավարության՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը լուծարելու եւ Մշակույթի նախարարությունը ԿԳ նախարարությանը միավորելու մասին: «Որպես անձնական կարծիք կարող եմ ասել, որ դա վտանգավոր է. աշխատանքային մեխանիզմը հստակ չէ, պարզ չէ, թե ինչ ընթացակարգերով են հետագա աշխատանքներն իրականացվելու, կադրերի կրճատման խնդիր կա: Բացի այդ, ես չեմ պատկերացնում տարբեր ոլորտների նախարարությունների աշխատանքի միաձուլումը: Ի՞նչ կերպ է դա լինելու»,-նշեց Աննա Կոստանյանը:
Ինչ վերաբերում է նորընտիր խորհրդարանի կազմին, Աննա Կոստանյանը կարծիք հայտնեց. «Ունենք այն, ինչ ունենք: Գոհացնում է, թե ոչ, ապագայում կերեւա: Ի տարբերություն նախորդ ԱԺ-ի, նոր խորհրդարանը երիտասարդացել է, եւ դա դրական փաստ եմ համարում: Սա անփորձ պատգամավորների համար շարժառիթ է, որպեսզի իրենց մեծ պատրաստակամությունը կյանքի կոչեն: Թե ինչ պտուղներ դա կտա, կտեսնենք առաջիկայում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ