Այս տարեսկզբին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 9-ով նվազել է դժբախտ պատահարների թիվը:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի տվյալներով, դեկտեմբերի 31-ից այս տարվա հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ պատահարներից զոհվել է 8, տուժել 78 մարդ:
Ըստ նրա՝ անցած տարվա համեմատ այս տարի տուժողների ու զոհերի թվի աճ է արձանագրվել, զոհերի թիվն աճել է երկուսով, տուժողների թիվը՝ 24-ով:
Հովհաննես Խանգելդյանի խոսքով, դեպքերի հիմնական մասնաբաժինը ընկել է հրդեհներին, ճանապարհատրանսպորտային պատահարներին, թունավորումներին:
Փրկարարներին հաջողվել է փրկել 12 մարդու կյանք, տոն օրերին ստացել են 323 ահազանգ, իսկ ընդհանուր առմամբ, փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հանգստյան օրերին ստացել է 2000 զանգ, դրանց մեջ, ըստ Խանգելդյանի, եղել են նաեւ շնորհավորանքներ, ճանապարհների բաց կամ փակ լինելուն վերաբերող հարցումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ