Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ նորընտիր պատգամավոր. «Դատավորի սոցիալական եւ քաղաքական անկախությունը պետք է ապահովվի օրենքով»

Հունվար 08,2019 16:49

«Լուսավոր Հայաստանի» նորընտիր պատգամավորների թվում է միջազգային իրավունքի փորձագետ, իրավաբան Տարոն Սիմոնյանը: Խմբակցության գործունեության շրջանակներում նա հիմնականում ստանձնելու է միջազգային իրավունքին, մարդու իրավունքներին եւ պետաիրավական այլ հարցերին առնչվող պարտականությունները: «Խոսքն, օրինակ, Արցախյան հիմնախնդրի միջազգային իրավակարգավորման, արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների, նաեւ՝ արդարադատության համակարգի վերանայման մասին է»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով ԱԺ-ում իր առաջիկա անելիքների մասին՝ ասաց Տարոն Սիմոնյանը:

«Արդարադատության բնագավառում, օրինակ, շատ է խոսվում դատական իշխանությանը վերաբերող օրենսդրական փաթեթների վերանայման անհրաժեշտության մասին: Այս բնագավառում «Լուսավոր Հայաստանի» հիմնական գործառույթը կայանալու է հետեւյալում. մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կերաշխավորեն դատավորի անկախությունը: Դա էլ հիմք կհանդիսանա դատական իշխանության անկախության համար: Դա ենթադրում է դատավորի սոցիալական, իրավական, քաղաքական անկախություն, պետական համակարգում դատավորի տեղի եւ դերի հստակեցում»,-նշեց Տարոն Սիմոնյանը:

Հետաքրքրվեցինք՝ գործող օրենսդրությունը չի՞ ապահովում դատավորի անկախությունը: Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Իրավիճակային փոփոխությունները պահանջում են, որպեսզի հարցին ավելի մշակված եւ գիտելիքահեն մոտեցում ցուցաբերվի, որովհետեւ դատական համակարգը եւ պետական կառավարման համակարգն այսօր լուրջ ցնցումների առաջ են: Շատ դեպքերում հնում մշակված իրավական գործիքակազմը գուցե չկարողանա լիարժեք ապահովել ներկա խնդիրների լուծումը»:

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, Տարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ իր աշխատանքները սկսվել են դեռեւս 2010թ.-ին: Նշենք, որ նա «Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» համահիմնադիրներից է: «Այդ կենտրոնում միշտ կատարել ենք հետազոտություններ եւ մշակումներ՝ մեր պետական պաշտոնյաներին տալով իրավական գործիքակազմեր՝ հնարավոր կառուցակարգեր, մասնագիտական բառապաշար, եւ այլն: Սա բավականին ընդգրկուն հարց է»,-նկատեց Սիմոնյանը:

Մեր զրուցակիցը նաեւ մատնանշեց՝ քանի որ որպես փաստաբան մարդու իրավունքների եւ կորպորատիվ իրավունքի պաշտպանության ոլորտներում փորձառություն ունի, ԱԺ-ում իր աշխատանքները միտված են լինելու նաեւ այդ ոլորտների խնդիրների լուծմանը. «Գիտելիքներս պետք է ծառայեցնեմ առկա խնդիրներին՝ բիզնես միջավայրի իրավական սպասարկման հարցեր, ներդրումային դաշտ: Մասնավորապես, ներդրումների մասին ՀՀ օրենքի վերամշակման եւ հարկային օրենսդրությանն առնչվող վերամշակումների անհրաժեշտություն եմ տեսնում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031