Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոն օրերին աղբահանությամբ զբաղվել ենք ավելի ինտենսիվ, սրտացավ». Հայկ Մարության

Հունվար 08,2019 16:45

Երևանում տոնական օրերին աղբահանության կազմակերպումը կանոնակարգելու համար քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն աշխատել են 24-ժամյա ժամանակացույցով: Աշխատանքային այս տարվա առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, գնահատելով աղբահանության կազմակերպումը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շուրջօրյա աշխատանքի համար:

«Տոն օրերին աղբի ծավալը մի քանի անգամ ավելանում է՝ այդ գիտենք բոլորս և դա ոչ միայն Երևանի խնդիրն է, այլև ամբողջ աշխարհում այդ օրերին աղբահանության կազմակերպման խնդիրներ են առաջանում: Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքը ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ»,- նշել է քաղաքապետը:

Աղբահանության պատշաճ կազմակերպման հարցում քաղաքապետը կարևորել է նաև մայրաքաղաքում աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովումը: Կատարված դիտարկումների համաձայն այսօր մայրաքաղաքում 5200 աղբաման կա, սակայն գործընթացի լիարժեք կազմակերպման համար դրանց թիվը պետք է հասնի 8000-ի: Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է քայլեր ձեռնարկել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ավագանու հետ համատեղ աշխատանքներ տանել անհրաժեշտ նորմերի մշակման ուղղությամբ, որպեսզի տնտեսվարողներն այսուհետ ստվարաթղթե տուփերը աղբամաններում թափելու փոխարեն տեսակավորեն դրանք և հանձնեն մշակմամբ զբաղվող ընկերություններին, ինչը նաև իրենց համար է շահավետ:

Անդրադառնալով ապօրինի առևտրի խնդրի կանոնակարգմանը՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն արդեն ոստիկանության հետ համատեղ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու նպատակով: Միաժամանակ առևտրականներին վարչական շրջանների շուկաներում ու մի շարք այլ հատվածներում առաջարկվում են այլընտրանքային տարածքներ:

«Բոլոր վարչական շրջաններում այդպիսի վայրեր կան թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված, այս առումով մենք խնդիր չունենք: Այսինքն` մարդիկ անգործ չեն մնա: Ուղղակի պետք է մարդկանց արդեն գնալ, զգուշացնել, բացատրել, ասել, որ սա նախ օրենքի պահանջ է, երկրորդը՝ հանրության: Մարդիկ ուզում են՝ առևտրի վայրերը ծառայեն առևտրի համար, փողոցները՝ որպես փողոցներ, և բացի այդ նաև թունավորման վտանգը կա: Ամեն ինչ վկայում է այն, որ պետք է հրատապ այս խնդիրը լուծել: Ամեն ինչ արվում է շատ բարեհամբույր, բացատրելով, նաև մարդկանց ուղղորդելով առևտրի համապատասխան վայրեր, որոնք այս պահին շատ անգամ անվճար են տրամադրվում: Տնտեսվարողները պատրաստակամություն են հայտնել մեկը՝ մեկ ամիս, մյուսը՝ երկու, դեպքեր կան անգամ վեց ամիս ժամկետով անվճար տրամադրել տարածքները, մինչև մարդիկ ընկնեն հունի մեջ և շարունակեն իրենց գործունեությունը»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տոն օրերին «Շտապբուժօգնություն» ընկերությունը ստացել է 9334 կանչ, հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմել է ընդհանուր կանչերի 18%-ը: Քաղաքապետն առաջարկել է Առողջապահության նախարարության հետ համատեղ մշակել հատուկ նորմեր՝  կանչերը տարբերակելու և ավելի նպատակային արձագանքելու համար:

«Բնականաբար, կանչը մերժելու մասին չէ խոսքը: Անհետաձգելի կանչերին պետք է արագ արձագանքել, իսկ քրոնիկ հիվանդությունների դեպքում՝ կամ ուղղորդել բժշկական հաստատություններ, կամ զգուշացնել, որ մի քանի ժամից, եթե մոտենանք որևէ խնդիր չի կարող լինել: Որովհետև այդ քանակությամբ կանչերը, երբ սկսում ենք սպասարկել, իրական շտապ դեպքերին սկսում ենք չարձագանքել»,- ասել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում դասընթացի լիարժեք անցկացման համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է:

Քաղաքապետ Մարությանը մի շարք հանձնարարականներ է տվել նաև բակային տարածքների բարեկարգման ծրագրի առնչությամբ: Հանձնարարվել է վերանայել խաղահրապարակների կահավորման համար համապատասխան գույքի չափորոշիչները՝  առաջնահերթ համարելով անվտանգության ապահովումը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031