Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի համաձայնությունը «Լուսավոր Հայաստանին» չի կաշկանդել

Հունվար 08,2019 16:39

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար: Այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում վերահաստատեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն եւ իշխող ուժը համաձայնության են եկել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնի շուրջ: Այդ աթոռը կզբաղեցնի ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը: Երեկ էլ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրամաբանական է, եթե այդ պաշտոնը զբաղեցնի առավել ձայներ ստացած խորհրդարանական խմբակցությունը: Վարչապետի այս հայտարարությունը եւ ԲՀԿ-ի հետ քաղաքական համաձայնությունը «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին չի կաշկանդել: Aravot.am-ի հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ որեւէ հայտարարության ազդեցության տակ իրենց որոշումը չի կարող փոփոխվել: Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նա համարում է «ՀՀԿ-ի ժամանակ ձեւավորված ավանդույթ» , որը գոնե հիմա պետք է փոփոխության ենթարկվի։ «Եթե ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը պետք է տալ ամենից շատ ձայն ստացած ընդդիմադիր ուժին, ուրեմն Սահմանադրության մեջ պետք է գրված լինի այդպես: Բայց Սահմանադրությունն ասում է, որ ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է փոխխոսնակ. հետեւաբար, կա ընտրություն, դրա համար էլ մենք առաջադրում ենք տիկին Թանդիլյանի թեկնածությունը, որ ընտրության հնարավորություն լինի»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով`եթե «Իմ քայլը» դաշինքը որոշում է կայացրել, որ իր ձայնը պետք է տա ԲՀԿ-ին, պետք է այդպես էլ ասել: «Ասել, որ տրամաբանական է մեծ խմբակցությանը տալ այդ պաշտոնը, ես կարծում եմ՝ դա փաստարկ չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մանե Թանդիլյանին նա համարում է լավագույն թեկնածուն ընդդիմադիր փոխխոսնակի համար եւ հուսով է, որ վերջինս կընտրվի:

Բավական տարակուսանքի տեղիք է տվել նաեւ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունը, որ իրենք չեն պատրաստվում հավերժ ընդդիմադիր մնալ: Հարցին`հնարավո՞ր է առաջիկայում կոալիցիա կազմեն իշխող ուժի հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Դա քաղաքագիտական թեզ է, առ այն, որ ցանկացած ուժ ձգտում է իշխանության եւ ոչ թե ձգտում է միշտ լինել ընդդիմություն: Ընդդիմությունը դա այն ուժն է, որը ձայներով չի կարողացել ստանձնել իշխանությունը, սակայն շարունակում է ձգտել իշխանության եւ իր գործունեությամբ ակնկալում, որ հաջորդ ընտրություններում կստանա բավարար ձայներ իշխանություն կամ իշխանության մաս լինելու համար: Զարմանում եմ թե ինչ տարակուսանք կարող է դրանից առաջանալ: Եթե ասեի, որ մենք միշտ ընդդիմություն կլինենք ու չենք ձգտում իշխանության, այ դա հակաքաղաքագիտական եւ տարակուսելի թեզ կլիներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031