Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոռի» ֆուտբոլային թիմը պատրաստվում է նոր հաղթանակների

Հունվար 08,2019 16:25

2017 թվականի մարտին հիմնադրված Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը շատ կարճ ժամանակահատվածում հասել է մի շարք հաղթանակների: Թիմը խաղացել է առաջին խմբի առաջնությունում, որտեղ դարձել է Հայաստանի չեմպիոն: Այժմ թիմը մասնակցում է օգոստոսին մեկնարկած բարձրագույն խմբի առաջնությանը: Թիմը 5-րդ տեղով գնացել է արձակուրդ, սակայն մտադիր են վերադառնալուց հետո, ցուցանիշը բարելավել, այս անգամ եւս դառնալ չեմպիոն:

Այս ընթացքում թիմի կազմում որոշակի փոփոխություններ են եղել, մի քանի ֆուտբոլիստի հետ խզվել են պայմանագրերը, նոր պայմանագրեր կնքվել՝ նոր ֆուտբոլիստների հետ: Այս պահին թիմն ունի 22 խաղացող եւ 3 դարպասապահ՝ Հայաստանից եւ Աֆրիկայից:

Եզրային պաշտպան Արման Մկրտչյանի հետ թիմի հետ պայմանագիրն ավարտվել է, հուսով է, որ պայմանագրի երկարացում կլինի: Այժմ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում գտնվող ֆուտբոլիստը «Լոռիի» հետ մեծ հույսեր է կապում. «Ես թիմի անդամ դարձա, որովհետեւ «Փյունիկում» հնարավորություն չունեցա հանդես գալու: Իսկ «Լոռին» ինձ տվեց խաղալու հնարավորություն: Ֆուտբոլը քո կյանքի մասնիկն է դառնում, երբ որ դու փոքր տարիքից ես զբաղվում դրանով: Իսկ «Լոռիում» ֆուտբոլն ավելի կարեւոր է դառնում, որովհետեւ դու տեսնում ես, որ դու ունես երկրպագուներ, եւ դա քեզ տալիս է պատասխանատվության զգացում, եւ դու ստիպված ես լինում իրենց համար էլ խաղալ»:

Թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելով ու նաեւ նոր թիմ ստեղծելու ակնկալիքով այսօր ակադեմիայում մարզում ու նոր ֆուտբոլիստներ են պատրաստում. «Մեր ակադեմիայում ունենք մինչեւ 14 տարեկան 400 երեխա՝ Վանաձորից եւ մարզի մոտակա քաղաքներից, որոնք մարզվում են: Հույս ունենք, որ 2-3 տարուց իրենք արդեն «Լոռի 2» թիմի կազմում կսկսեն խաղալ» – ասում է թիմի PR մենեջեր Սպարտակ Պետրոսյանն ու նշում, որ թիմը երկրպագուների պակաս չի զգում: Լոռեցիները միշտ սիրելի թիմի հետ են, ինչը նրանց ավելի է ոգեւորում. «Մենք այս տարի տնային խաղերին ամենաբարձր հաճախելիություն ունեցող թիմն ենք: Միջինը 600 մարդ է գալիս մեր խաղերին, թեպետ, ընդամենը 450 տեղի համար է նախատեսված տրիբունան: Մարդիկ անգամ մեքենաների վրա են բարձրանում, որպեսզի խաղը կարողանան նայեն: Բացի այդ մեր երկրպագուները մեզ հետ գալիս են նաեւ Երեւանի, Գյումրիի խաղերին»:

Բացի գրանցած հաջողությունները, այս տարի թիմը նորություն ունի ոչ միայն ֆուտբոլիստների, այլ նաեւ Վանաձորցիների համար: Գործընկեր կազմակերպության հետ «Լոռին» պատրաստվում է Վանաձորում մի շարք ծրագրեր կյանքի կոչել. «Մեր գործընկերն է «Տոտո» ընկերությունը, որի հետ տարբեր ծրագրեր ենք իրականացնելու, նաեւ բարեգործական: Կփորձենք քաղաքն ակտիվացնենք, ճիշտ է ձմռանը մի փոքր դժվար կլինի, բայց ամբողջ տարին քաղաքում կփորձենք ակտիվություն մտցնել՝ թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս»,- տեղեկացրեց Սպարտակը:

Թիմի դարպասապահներից Գոռ Էլյազյանը նույնպես թիմի հետ է կազմավորման առաջին իսկ օրից: Ասում է՝ խնդիրների ու խոչընդոտների չեն հանդիպում: Կարեւորը լավ խաղն է ու երկրպագուներին չհիասթափեցնելը. «Լոռին» իմ համար շատ հարազատ թիմ է, առաջին օրվանից իր հետ եմ եղել, եւ միասին չեմպիոնություն ենք կերտել: Դեռ չգիտեմ, թե ինչքան կլինեմ թիմում, բայց այն ինձ համար դարձել է հարազատ: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս առաջնությունում էլ դառնանք չեմպիոն: Մեր խաղերին երկրպագուները շատ են գալիս: Եվ անկախ արդյունքներից՝ մենք հաղթում ենք, թե պարտվում, իրենց քանակը երբեք չի նվազում: Իսկ մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի ավելի լավ հանդես գանք, եւ ուրախացնենք իրենց»:

Թիմն արձակուրդից կվերադառնա հունվարի կեսից, որպեսզի պատրաստվի առաջնության գարնանային շրջանին:

Մեզ հետ զրույցում Սպարտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ շինարարների վստահեցմամբ եկող տարվա հունիսի 1-ին ամբողջովին վերանորոգված կլինի նաեւ Վանաձորի քաղաքային մարզադաշտը: Իսկ «Լոռի» թիմն իր տնային խաղերը կանցկացնի այնտեղ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ «Լոռի» ակումբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031