Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես որևէ անուն չեմ տվել»․ Կարեն Սարուխանյանը՝ իրենից նեղացած մարզպետի թեկնածուներին

Հունվար 08,2019 16:14

Կարեն Սարուխանյանը մինչև Ազգային ժողովի անդրանիկ նիստը կպաշտոնավարի որպես Շիրակի մարզպետ։ Իսկ դրանից հետո մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները կդրվեն փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի ուսերին։

Կարեն Սարուխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ընդունված կարգ կա․ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ժամանակագրական առումով ով է ավելի շուտ նշանակվել տեղակալ, լիազորությունները թողնում են նրան, կոպիտ ասած, շուտ եկած տեղակալին։ Ես վարչապետին առաջարկելու եմ, որպեսզի լիազորությունները շարունակի Գրիգորյան Վարդանը մինչև մարզպետի նշանակումը»։

Մեր հարցին՝ ձեր թիմն արդեն որոշե՞լ է, թե ում է տեսնում Շիրակի մարզպետի պաշտոնում, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Այդ հարցը դեռ չի քննարկվել, որովհետև այս փուլում մենք նոր խորհրդարանի, ներքին կանոնադրության, մեր ֆրակցիայի հետ կապված հարցերով ենք զբաղված, նոր կառավարության ձևավորումից հետո նոր կանցնենք քննարկումների փուլին»։

Շիրակի մարզպետը նաև վստահեցրեց, որ ինքը մարզպետի պաշտոնում շրջանառվող որևէ թեկնածուի չի վիրավորել, որևէ անուն չի տվել՝ ասելով, թե նրանք են շրջանառում իրենց անունները։

«Ես ինքս որևէ մեկի անունը չեմ տվել, ես ընդհանրացված ասել եմ՝ լուրջ չեմ վերաբերում խոսակցություններին և ասել եմ՝ շատ դեպքերում մարդիկ իրենց են տեսնում որպես թեկնածու ու իրենց անունը շրջանառում են: Բայց հատուկ մեկի կամ երկուսի համար չեմ ասել, ընդհանրացված եմ ասել: Ես չգիտեմ ինչու են ինտրիգ մտցրել՝ առանձնացնելով երկուսի անունները։ Ես մինչև ամսի 14-ը մարզպետ եմ, ես շարունակում եմ իմ գործունեությունը ու քանի դեռ վարչապետի որոշումը չկա, ես ընդհանրապես անունների շրջանառմանը լուրջ չեմ մոտեցել։ Ես ձեզ էլ այս մասին մի անգամ արդեն ասել եմ․ մենք պիտի քննարկենք, իսկ այս պահին որևէ քննարկում չկա»։

Հիշեցնենք, որ երեկ մարզպետին հակադարձել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որի անունը ևս շոշափվում է մարզպետի թեկնածուների շարքում՝ ասելով․

«Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ իմ հետ մարզպետի պաշտոնը ստանձնելու շուրջ որևէ խոսակցություն չի եղել, և ես շարունակելու եմ իրականացնել իմ աշխատանքը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում։ Ես այդ հարցը վերջնական փակել էի, բայց քանի որ Շիրակի մարզպետն իրեն իրավունք է վերապահել շրջանառվող երկու անունների՝ իմ և Տիգրան Պետրոսյանի մասին նշել, որ այս մարդիկ իրենք են իրենց առաջադրում, կարծում եմ մարզպետը պիտի իմանար՝ շրջանառվող անուններով մարդիկ իրենք իրենց առաջարկող չեն ու հանրապետության պահանջված մասնագետներն են։ Եթե իհարկե, իմ ընթերցած նյութն ու մարզպետի խոսքերը ուղիղ համեմատական են իրար հետ։

Ես անլուրջ եմ համարում Շիրակի մարզպետի ասածը, որովհետև ինքը չի տիրապետում իրավիճակին ու չի ճանաչում գոնե իր մարզում գործունեություն ծավալող մարդկանց։ Ես երեկ հայտարարել եմ, որ մարզը ունի լավագույն մասնագետներ, լավագույն մենեջերներ, մարզը չունի կադրերի սով ու կկարողանա իր կադրային խնդիրները տեղում լուծել՝ ընտրելով լավագույն մասնագետների։ Ցավում եմ, որ Շիրակի մարզպետը փորձում է այդ վերաբերմունքը ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնք պետական աշխատանքի առաջին փուլում ֆանտաստիկ արդյունքներ են ցուցաբերել՝ իրենց կառույցը դարձնելով հանրապետության լավագույն կառույցներից մեկը, իսկ մյուս թեկնածուն մարզում 4500-ից ավելի քվե է ստացել, ինչը նշանակում է որոշակի շրջանակների սերն ու հարգանքն է վայելում։ Նա հասարակության շրջանում բավական հեղինակություն ունեցող մարդ է ու այս մարդկանց մասին ուղղակի նման կերպ արտահայտվելու իրավունք չունի, որովհետև այս մարդիկ իրենք իրենց կարևորություն տվող չեն, այս մարդկանց կարևորել է քաղաքը, այս մարդկանց կարևորել է պետությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031