Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Աշոտյանը առաջիկայում կհամոզվի հակառակում». «Իմ քայլի» պատգամավորը վստահեցնում է, որ փակ աչքերով օրենքներ չի դակելու

Հունվար 08,2019 15:59

Մեկ շաբաթից մեկնարկելու են 7-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները, Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին հարցրեց՝ դուք արդեն ունե՞ք պլանավորած նախաձեռնություններ, որոնցով պատրաստվում եք հանդես գալ, եւ առհասարակ ի՞նչ եք անելու խորհրդարանում: Նա պատասխանեց. «Մտքեր կան ընդհանուր, բայց հստակ նախաձեռնություններ դեռեւս չկան, պետք է, իհարկե, այդ մտքերը խմբակցության մեջ քննարկվեն, որպեսզի հասունանան: Ես պատրաստվում եմ շատ ակտիվ լինել ԱԺ-ում, հիմնականում կզբաղվեմ իմ մասնագիտական հարցերով՝ արտաքին հարաբերություններ, եվրոպական ինտեգրացիա: Բայց նաեւ ընտրված լինելով կոնկրետ տարածքից՝ դա պատասխանատվություն է առաջացնում, հետեւաբար այդ տարածքին բնորոշ խնդիրներով նույնպես կզբաղվեմ՝ չնայած այդ խնդիրները ամբողջ Հայաստանին են վերաբերվում, առանձնահատուկ խնդիրներ չկան: Ես գտնում եմ, որ հիմա, քանի որ մեր իշխանության աղբյուրը ժողովուրդն է, հաղորդակցության մեթոդները պետք է զարգացնենք աննախադեպ ձեւով: Պետք է լինեն կոնկրետ մեխանիզմներ՝ հանրություն-իշխանություն շփումների համար, որոնցով մարդիկ կարող են իրենց խնդիրները բարձրաձայնել»:

ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ արտաքին քաղաքականությունը իշխանությունների աքիլլեսյան գարշապարն է, նա ասում էր, որ այս իշխանությունների ամենաշատ սխալները հենց արտաքին քաղաքականության ոլորտում են, ուստի հարցին՝ համաձա՞յն եք այդ գնահատականի հետ՝ Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեց. «Բացարձակ համաձայն չեմ նման գնահատականի հետ, ես կարծում եմ, պարոն Աշոտյանը առաջիկայում կհամոզվի հակառակում: Համոզված եմ, որ նա, տեսնելով մեր խմբակցության մեջ գտնվող այն մարդկանց, ովքեր այդ ոլորտում են աշխատելու, կհամոզվի, որ նրանց աշխատանքը շատ արդյունավետ է լինելու»:

Հարցին՝ նախկինում պատգամավորներին քննադատում էին, որ կառավարության նախաձեռնությունների դակողներն են, ինչ բերում էր կառավարությունը՝ դակում էին, սեփական նախաձեռնությամբ էլ հանդես քիչ էին գալիս, դուք այդ առումով կաշկանդվածություն ունե՞ք, որ ինչ նախագիծ բերեց կառավարությունը, դուք պարտավորված եք կոճակը սեղմելու՝ Ենգիբարյանը պատասխանեց. «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում լինելու է կառավարության հենարանը, բայց այն ոճը, որով մենք աշխատում ենք, շատ բաց է, այսինքն, բազմակարծությունն ընկած է մեր սկզբունքների հիմքում ու ցանկացած պատգամավոր իր կարծիքն ասելու հնարավորություն կունենա թե՛ կառավարության հետ համագործակցելիս, թե՛ ԱԺ ներսում: Այսինքն, այնպես չի լինելու, որ փակ աչքերով, հանուն նրա, որ կառավարությունն է բերել այդ նախագիծը, դակենք, դակողի դերում լինենք»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ դուք «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքեցիք ու «Իմ քայլը» դաշինքով առաջադրվեցիք՝ ֆեյսբուքյան ձեր էջում գրառում անելով, որ կուսակցական ձեր ընկերների հետ քննարկել եք փոփոխվող Հայաստանում ձեր տեսլականը ու պատկերացումները, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարեւոր տարբերություններ, ինչի արդյունքում որոշել եք դադարեցնել անդամակցումը ԼՀԿ-ին, ի՞նչ տարբերությունների մասին էր խոսքը ու այդ ի՞նչ հարցեր էին, որ «Լուսավոր Հայաստանում» գաղափարական տարբերություններ կային, իսկ «Իմ քայլը» դաշինքում՝ ոչ: Վիկտոր Ենգիբարյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա այդ մասին շատ խոսել, շատ բարձրաձայնել, որովհետեւ այդ հարցերն ավելի շատ ներքին խոհանոցին են վերաբերում: Ուղղակի մի բան կարող եմ ասել՝ ես միշտ կողմնակից եմ եղել «Ելք» դաշինքի ձեւաչափի պահպանմանը եւ դա խնդիրների հիմքում ընկած է եղել: Գաղափարական խնդիր էր, բայց քանի որ ներկուսակցական է, դաշինքի ներսում եղած դիսկուրս է, չէի ուզենա հրապարակայնացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031