Մեկ շաբաթից նոր խորհրդարանի առաջին նիստն է ու Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ, ի՞նչ է պատրաստվում անել ԱԺ-ում: Նա պատասխանեց. «Ամենակարեւորը կառավարության ծրագիրն է: Կա նաեւ դաշինքի նախընտրական ծրագիր: Դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա կազմվելու է կառավարության ծրագիրը, որը ներկայացվելու է խորհրդարանին: Հիմնական նախաձեռնությունները ուղղված են լինելու բնականաբար այդ ծրագրի իրագործմանը: Նորընտիր պատգամավորները նաեւ այս ընթացքում առնչվել են ընտրողների, մարդկանց հետ, խնդիրներ են նրանց բարձրացվել, նաեւ այդտեղից կուտակված գաղափարներ կան, որոնք պաշտոնական լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո պետք է բոլորը ձեռնամուխ լինեն դրանց իրագործմանը, բայց հիմնական առանցքը լինելու է կառավարության ծրագիրը»:
Հարցին՝ նախորդ գումարման Ազգային ժողովներում մենք տեսնում էինք, որ պատգամավորներն ասես կառավարության նախաձեռնությունների դակողները լինեին, ինչ կառավարությունը բերում էր՝ դակում էին, հիմա նորից նո՞ւյնն ենք տեսնելու՝ դուք դակելու եք այն, ինչ բերելու է կառավարությո՞ւնը՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Նախ, կառավարության բերածները դակում են ձեւակերպումը սխալ է, որովհետեւ տվյալ դեպքում կառավարությունը խորհրդարանական մեծամասնության կառավարությունն է: Եթե կառավարության նախաձեռնություններն ու մեծամասնության նախաձեռնությունները նույնը չպիտի լինեն, արդեն այդտեղ կլինի խնդիր, հակասություն: Մենք ի՞նչ ենք ակնկալում, որ պիտի խորհրդարանական մեծամասնությունն ինքն իր կառավարությանը ընդդիմությո՞ւն լինի, աշխարհում նման բան չեք տեսնի: Նախկինում քննադատության թիրախը եղել է ոչ թե այն, որ կառավարության բերածները հաստատում եք, այլ՝ կառավարության բերած վատ նախաձեռնություններն եք հաստատում, դուք ներքին զսպում չունեք: Կառավարություն-խորհրդարանական մեծամասնությունը մեկ քաղաքական թիմ է ու այդ թիմը պետք է գործի մեկ ամբողջության սկզբունքով: Ընտրողը այդ ամբողջական թիմի օգտին է քվեարկել, ոչ թե մեծամասնականով ամեն մեկին առանձին-առանձին: Քվեարկել է քաղաքական ուժի օգտին ու քաղաքական թիմը պետք է լինի ամբողջական մեկ միավոր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ