Այսօր Aravot.am-ը 7-րդ գումարման ԱԺ-ի նորընտիր պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանին հարցրեց՝ դուք հետեւել եք նախկին խորհրդարանականների աշխատանքին, կարո՞ղ եք ասել, թե ինչո՞վ է այս նոր ԱԺ-ն, նոր ԱԺ-ի կազմը տարբերվելու, բացի այն, որ այս ԱԺ-ն ավելի բարձր լեգիտիմություն ունի՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Փոխված է լինելու այն, որ մենք իսկապես ունենալու ենք պատգամավորներ, որոնք եկել են ծառայելու, որոնք եկել են խնդիրներ լուծելու: Մենք ունենալու ենք պատգամավորներ, որոնք նախագծերը կարդալու են, ծանոթանալու են, եթե խնդիրներ տեսնեն՝ բարձրաձայնելու են իրենց քաղաքական թիմի քննարկումների ժամանակ: Այսինքն, մենք, ի դեմս «Իմ քայլը» խմբակցության, ունենալու ենք աշխատող պատգամավորներ, այ դա ենք մենք ունենալու: Մենք չունենք անձ, որը գալիս է խորհրդարան՝ զուտ անձեռնմխելիություն ստանալու: Մեր պատգամավորները գալիս են աշխատելու, այ դա է տարբերությունը: Դա ամենամեծ ու առանցքային տարբերությունն է, որը տարբերելու է 7-րդ գումարման ԱԺ-ն՝ նախորդներից, որովհետեւ խորհրդարանի մեծամասնությունը գալիս է աշխատելու, խնդիրներ լուծելու, գալիս է ծառայելու»:
Մեր դիտարկմանը, որ նախկին պատգամավորներին էլ, երբ հարցնում էինք, թեկուզ գործարար պատգամավորներին, ասում էինք, որ ԱԺ-ն որպես տանիք եք օգտագործում, ասում էին՝ վա՜յ, մենք Ազգային ժողով ենք մտել՝ մեր ժողովրդին ծառայելու, ազգը փրկելու, հայրենիքին օգտակար լինելու համար, ոչ ոք չէր ասում, որ գալիս է «գռփելու ու չռփելու»՝ Վահագն Հովակիմյանն արձագանքեց. «Այստեղ սխալ է, որ մենք նոր խորհրդարանի մեր պատգամավորներին պիտի համեմատենք հների հետ: Հներն իրենց ասածների ու արածների անհամատեղելիությունը վաղուց էին ապացուցել: Սխալ է համեմատել: Երբ որ մենք կհայտարարենք ու մեր հայտարարությանը համահունչ գործողություներ չենք անի, այդ ժամանակ նոր ասեք՝ հռչակել էիք՝ չեք անում: Բայց երբ մենք ասում ենք՝ գալիս ենք ծառայելու, միանգամից ասում եք՝ հներն էլ են ասել, է հները չեն արել, դրա համար էլ եղավ թավշյա հեղափոխություն»:
Վահագն Հովակիմյանը խոստացավ՝ ԱԺ-ում իրենց աշխատանքները հաստատ գոհացնելու են հանրությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ