Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի խոսքով, պատերազմն ամենամեծ անբարոյականությունն է, իսկ ատելությունը ծնվում է իրար չճանաչելուց: Նրա խոսքերով. «Ծանոթ մարդու փորը դանակ չես խրի»: Պարոն Բաբայանը կարծում է, որ անգամ Հայաստանում լավ չենք ճանաչում այլ ժողովուրդներին ու նրանց մշակույթը, ուր մնաց` դրսում:
Հունվարի 8-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ խոսելով կենցաղային հողի վրա Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի ու դրանից հետո հայերի դեմ արհեստականորեն հասունացած ալիքի մասին, ռեժիսորն ասաց. «Շատ զարգացած երկրներում կան հիմնադրամներ, օրինակ, Գյոթե հիմնադրամը քարոզում է գերմանական մշակույթը, Կոնֆուցիոսի հիմնադրամը` չինականը, Դանթեինը՝ իտալականը, Բրիտանական խորհուրդը` բրիտանականը եւ այլն…Շատ կարեւոր է, որ իրար հետ լեզու ենք գտնում մշակույթով, առեւտրով, նաեւ համագործակցությամբ: Այս կամուրջները կառուցել է պետք: Այստեղ պետական քաղաքականությունը եւս մեծ նշանակություն ունի»:
Մանրամասները` տեսանյութում
Ռուբեն Բաբայանը զարմանում է, որ Կարագանդայում տեղի ունեցած ցավալի միջադեպին մասնակցել են «Հին Հռոմ» ռեստորանի տիրոջ որդիները: Նրա համոզմամբ, անկախ նրանից` որ երկրում է մարդ ապրում, պետք է գործի քաղաքակրթության սահմաններում ու մնա ազնվական. «Շատ հավանական է, որ մեղավորները եղել են հակառակ կողմից, բայց եթե մենք էլ փորձել ենք ապրել գողական, կիսագողական մշակույթով, այդ ժամանակ պետք է պատրաստ լինենք նման հարվածների:
Մի՞թե չէր կարելի հակադարձել քաղաքակիրթ մեթոդներով` ոստիկանություն եւ այլն… Ուզած երկում, ուզած պարագայում կարելի է շարունակել մնալ մարդ եւ լինել ազնվական: Բայց կարելի է լինել եւ խուժան: Իսկ կապերը անհրաժեշտ են, անգամ ամենաստորադաս շերտում»:
Մանրամասները` տեսանյութում
Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը կարծում է, որ Կարագանդայում տեղի ունեցածը ցավալի միջադեպ է, որտեղ ադրբեջանցիները ինչ-ինչ դերակատարություն ունեն: Նաեւ համոզված է, որ դեռ ուրիշ վտանգների պետք է պատրաստ լինենք, որովհետեւ նրա խոսքերով. «Նրանք ամենուրեք գործում են հատուկ ծրագրով, չի բացառվում նաեւ Հայաստանի ներսում»:
ՀԳՄ նախագահի խոսքերով, խնդիրը այլ ընթացք ունեցավ նաեւ տեղեկատվության պակասի պատճառով: Նա փաստում է, որ մինչեւ հիմա հստակ տեղեկատվություն չկա, թե օրինակ՝ Ղազախստանում որքան հայ է ապրում: Միլիտոնյանի խոսքով, Սփյուռքի համայնքների հետ պատշաճ աշխատանք չի տարվում:
Մանրամասները` տեսանյութում:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է, որ վաղուց ժամանակն է` հայերը հայրենիք վերադառնան, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, մեկ-երկու սերունդ հետո հայերը այլանում են: «Այլ հարց է, որ հայրենիքում համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն: Հիմա հայտարարվել է տնտեսական հեղափոխության տարի, տնտեսականը նաեւ դրսի հետ գործարար մարդիկ են, որոնք դրսում գործ են դրել, եկամուտ ձեռք բերել, թող հիմա էլ կամաց-կամաց տեղափոխվեն Հայաստան…Ինչքան Հայաստանն ամրապնդվեց եւ ուժեղացավ, այնքան Սփյուռքի հայացքը դեպի Հայաստանն է լինելու»
Մանրամասները` տեսանյութում:
Դավիթ Գասպարյանը նշում է, որ Կարագանդայում պատահածի նման դեպքեր կատարվում են ամեն երկրում, բախումը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել, եւ հարցը պետք է լուծվի օրենքի սահմաններում: Նա, սակայն, մտավախություն ունի, հայ երիտասարդի հետ կարող է լավ չվարվեն: Գրականագետը հավելում է. «Սա տխուր ազդանշան է, մերոնք պետք է հետեւություն անեն, ինչքան աշխատեցին Ղազախստանի համար, լավ է, բայց հիմա էլ թող գան հայրենիքում ապրեն»:
Aravot.am-ի դիտարկմանը, որ օրինակ, սիրիահայերը վերադարձան Հայաստան, սակայն պատրաստ չեղանք նրանց հավուր պատշաճի ընդունելու, ինտեգրելու, գրականագետը հիշեցրեց, որ ժամանակին սփյուռքի նախարարը խոստանում էր, թե Նոր Հալեպ թաղամաս է կառուցվելու նրանց համար. «Պետք է հարցնել, թե ի՞նչ եղավ խոստացված Նոր Հալեպը»:
Ռուբեն Բաբայանը կարծում է, որ անկախ ամեն ինչից, պետք է առաջ նայել: Նաեւ տարակուսում է. «Մեր հայրենակիցների որոշակի մասը, որ ապրում է ԽՍՀՄ հանրապետություններում, շարունակում է ապրել Խորհրդային միությունում: Նրանք մոռանում են, որ այդ երկրները շատ տարբերվում են իրարից, յուրաքանչյուրն ունի իր ձեւաչափը, ազգային մենթալիտետը, եւ եթե դու այնտեղ հյուր ես, պետք է տեղի բոլոր օրենքներն ընդունես»:
Մանրամասները` տեսանյութում:
Պարոն Բաբայանը նաեւ կարծում է, որ միայն կոչեր անելը, թե եկեք Հայաստանում ապրեք, քիչ են: «Ես գիտեմ բազմաթիվ մարդիկ, որոնք հեղափոխության օրերին եկան Մոսկվայից ու այլ տեղերից եւ հիմա հեռանում են, որովհետեւ աշխատանք ու պայմաններ չկան: Ամեն կոչը պետք է հիմնավորված լինի, կոնկրետ առաջարկություններով»: Նա նաեւ հիշեցնում է, որ որպես պետություն Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ