Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ են անում քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բարեփոխելու համար

Հունվար 08,2019 14:34

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

8 հունվարի 2019 թ., Երեւան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տեւած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։

Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 և 2017 թվականներին էին անցկացվել։ Մինչդեռ՝ այս մրցույթների յուրաքանչյուր ձախողումը նշանակում է, որ՝

  • հանրային թվային ցանցի օպերատորը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, պահպանելու է իր մենաշնորհային դիրքը,
  • եթերային հեռարձակման ոլորտում ևս մեկ տարով բացառվում է նոր «խաղացողների» ի հայտ գալն ու մրցակցության պայմաններ ստեղծելը,
  • շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ 10 տեղական հեռուստաընկերությունները, որոնք ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության և անարդար մրցույթների հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, դեռևս աշխատում են անալոգային տիրույթում և սպասում են մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։

Փաստորեն ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրին անհրաժեշտ է մասնավոր մուլտիպլեքս, բայց մրցույթներին ոչ ոք հայտ չի ներկայացնում։ Մեր համոզմամբ, դրա պատճառը ոչ թե հետաքրքրության բացակայությունն է, այլ այն որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն իրատեսական, հրապուրիչ չեն բիզնեսի տեսանկյունից և չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Այս պայմաններում ՀՌՀ-ի կազմակերպած մրցույթները որևէ հեռանկար չունեն և զուտ ձևական բնույթ են կրում։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում.

  • նորընտիր Ազգային ժողովին՝ քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը արմատապես բարեփոխելու համար,
  • ՀՀ կառավարությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ մշակել և հանրությանը ներկայացնել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ արդիական ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031