Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում

Հունվար 08,2019 14:13

Բանջարեղենից մինչև տոնական զարդարանքներ, հագուստ, ձկնեղեն, անգամ՝ մսամթերք: Բացօթյա ապօրինի առևտուրն ամեն տարի աշխուժանում է հատկապես Ամանորի նախաշեմին: Արդյունքում գրեթե փակվում ու անանցանելի են դառնում մայթերը, կեղտոտվում փողոցները:

Նախազգուշացումներն ու տուգանքները մեր նպատակը չեն. քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում:

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառն ըմպելիքներ:  Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավելևս՝ սննդամթերք:

Բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է անցել դեռևս նոր տարվա առաջին՝ տոն օրերից:

«Ըստ մեր տվյալների՝ Երևանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաև մեր քաղաքացիներից: Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, այնուհետ կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին:  Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երևան»,- ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Երևանի հ. 2 (նախկին ԳՈՒՄ-ի) շուկան ժամանակին մերժում էր այստեղ առևտուր անել ցանկացողներին. տեղեր չկային, այսօր հակառակն է:

«Փողոցային առևտուրն, իհարկե, շատ է խանգարում, մարդիկ ավելի քիչ են շուկա գալիս: Այսօր շուրջ 250 ազատ տաղավար ունենք: Առաջին մեկ ամիսը տարածքները պատրաստ ենք անվճար տրամադրել, հետագայում էլ մատչելի գնով՝ մինչև 500 դրամով»,- նշում է հ. 2 շուկայի տնօրեն Վազգեն Նահապետյանը:

Փողոցային առևտրի առատությունից դժգոհում են նաև խանութների տերերն ու վարձակալները. մարդիկ, որոնք գյուղմթերքի օրինական վաճառքով են զբաղվում, վճարում հարկեր, տուրքեր, սակայն հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում՝ փողոցում առևտուր ծավալած քաղաքացիների համեմատ:

Այս պահին թեև քաղաքի փողոցներում հարաբերական բարվոք վիճակ է, սակայն որոշ փողոցներում ու շենքերի բակերում ապօրինի առևտրի դեպքեր լինում են:

«Այս բոլոր օրերին պարբերաբար զգուշացրել ենք՝ դադարեցնել ապօրինի առևտուրն ու տեղափոխվել շուկաներ: Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Կարծում եմ՝ «տեղեր չկան, շուկաներում առևտուր չկա» արտահայտությունները միայն պատճառներ են, որպեսզի չտեղափոխվեն այս տարածքներ և շարունակեն իրենց ապօրինի առևտուրը»,- նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում: Դավթաշենում, օրինակ, հենց այդ նպատակով նոր շուկա է բացվել: Կենտրոնական զբոսայգու սկզբնամասում գտնվող այս տաղավարները սպասում են իրենց տերերին: Տեղը և՛ մարդաշատ է՝ անցուդարձի առումով, և՛ հարմար՝ առևտրի համար:

«Առայժմ 20 տաղավար է տեղադրված, սակայն տնտեսվարողի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ տարածքը կարող է ընդլայնվել: Առաջիկայում այստեղ նախատեսվում է ստեղծել նաև ձմեռային առևտրի համար առավել հարմարավետ պայմաններ, կլինեն պահեստներ, տարածքն ապահովված է նաև կոմունալ հարմարություններով»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

Անթույլատրելի պայմաններ, անթույլատրելի մթերքներ, սանիտարահիգիենիկ նորմերի, հարկային օրենսդրության խախտում: Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝  կազմակերպել նոր մինի-շուկաներ:

Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը:

Սակայն օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերքը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031