Aravot.am-ի տեղեկություններով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի աթոռը զբաղեցնելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը: Մեր տեղեկություններով՝ այս թեկնածության շուրջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն քաղաքական համաձայնություն ունեն: Վահե Էնֆիաջյանն ընտրվել է իբրեւ փոխզիջումային ֆիգուր, որը իշխող ուժի ներկայացուցիչների հետ խորհրդարանում, այսպես ասած, «սուր անկյուններ» չի առաջացնելու:
Փորձեցինք այս տեղեկության շուրջ զրուցել Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս խոստացավ օրվա ընթացքում, ավելի ուշ, պատասխանել մեր բոլոր հարցերին:
Ավելի վաղ, հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
Երեկ, սակայն, մի ուշագրավ բան տեղի ունեցավ. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տրամաբանական է, որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը լինի ԱԺ փոխնախագահ: Մինչդեռ ԱԺ կանոնակարգ-օրենքը չափանիշներ չի սահմանում, ամեն ինչ թողնվում է ազատ մրցակցությանը:
Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր էր, նմանօրինակ քաղաքական համաձայնություններին դեմ էր արտահայտվում:
Aravot.am-ը փորձում է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ վարչապետի այդ հայտարարության առիթով. առայժմ ապարդյուն: Մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնում:
ԱԺ ղեկավար կազմի ընտրություններն ընթանում են փակ-գաղտնի քվեարկությամբ: Ըստ որոշ վերլուծությունների, չի բացառվում նաեւ, որ «Իմ քայլը» ԲՀԿ-ին անակնկալ մատուցի փոխնախագահի ընտրություններում, քանի որ «Իմ քայլի» ներկայացուցիչների մեծ մասը իբրեւ քաղաքացիական ակտիվիստներ, Մանե Թանդիլյանի հետ ճանապարհ են անցել: Եթե, իհարկե, Մանե Թանդիլյանի թեկնածությունն առաջադրելու «Լուսավոր Հայաստանի» որոշումը դեռ ուժի մեջ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ