Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Ամերիկյան պատվիրակությունն Անկարայում մի շարք հանդիպումներ է ունենալու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քննարկվելու է թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաբնույթ հարցեր: Օրակարգում է լինելու է Սիրիայից ամերիկյան ստորաբաժանումների դուրսբերման գործընթացը, Սիրիայի քրդական ուժերի, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցերը:
Քննարկվելու է Թուրքիայում և ԱՄՆ-ում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հարցը, ինչպես նաև թուրք-ամերիկյան ռազմական և տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր (ամերիկյան Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու, երկկողմ տնտեսական հարաբերությունները նախկին մակարդակին հասցնելու հարցերը):
Նախօրեին Բոլթոնը հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ: Ասել էր, որ ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի և նրանց անվտանգությունը կապահովվի:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Բոլթոնի հայտարարությունն անվանել էր անհիմն՝ պնդելով, թե Թուրքիայի բոլոր քայլերը Սիրիայում ուղղված են Սիրիայի քուրդ բնակչության անվտանգության ապահովմանը:
Աղբյուր՝ Ermenihaber