Այսօր՝ հունվարի 8-ին մի քանի տասնյակ երիտասարդներ հավաքվել են Բագրատաշենի գյուղապետարանի շենքի առաջ եւ պահանջում են գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանի հրաժարականը: Դա ներկայացվում է Ֆեյսբուքի ուղիղ եթերում: Ցուցարարները օգտագործում են Ա. Մակյանի թույլ տված մի արտահայտությունը, որ նա զզվել է իր աշխատանքից: Ցուցարարները նրան ասում են՝ եթե զզվել ես քո պաշտոնից, հրաժարական ներկայացրու:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Ա. Մակյանի հետ, որը Բագրատաշենը ղեկավարում է 8 տարի: Նա դրանից առաջ եղել է գյուղի 2 դպրոցներից մեկի տնօրենը: Արկադի Մակյանն ասաց, որ ցուցարար երիտասարդներն իրեն մեղադրում են Բագրատաշենի գիշերային լուսավորության, խմելու ջրի, աղբահանության խնդիրները չլուծելու մեջ:
Բագրատաշենը 2016թ.-ից մաս է կազմում խոշորացված Այրում համայնքի: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը առավոտից գտնվում է Բագրատաշենում: Նա մեզ ասաց, որ գյուղապետարանի շենքի առաջ հավաքվածների մեջ քիչ չեն նաեւ Արկադի Մակյանի կողմնակիցները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ