Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ 6000-ից ավելի ձայնով Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո մարզպետի թափուր պաշտոնի շուրջ ինտրիգները գնալով խորանում են։
Ինչպես տեղեկացրել ենք, պատասխանատու այս պաշտոնի համար քաղաքական վերնախավը հարմար թեկնածու է փնտրում․ շրջանառվում են մի քանի անուններ՝ ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով մասնակցած ու զգալի ձայներ հավաքած մտավորական Տիգրան Պետրոսյանի, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի, որի թեկնածությանն, ի դեպ, հավանություն են տալիս մարզի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ այն պատճառաբանությամբ, որ վերջինս պրոֆեսիոնալ մենեջեր է ու երկու տարվա ընթացքում ոտքի է կանգնեցրել Գյումրու թատրոնը։ Մի պահ շրջանառվում էր նաև գեներալ Ֆելիքս Ցոլակյանի անունը, որն, ի դեպ, մեծ ոգևորություն էր առաջացրել մարզում, իսկ վերջերս ավելացել է նաև նոր անուն, խոսքը Շիրակի նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի որդիներից մեկի՝ Ալիկ Պետրոսյանի մասին է։
Ինչևէ, ըստ մեր աղբյուրների, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ իր թեկնածուն ունի․ նա ուզում է, որ մարզպետ դառնա իր տեղակալ Վարդան Գրիգորյանը, որն, ամենայն հավանականությամբ այս ընթացքում կստանձնի մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց հենց Կարեն Սարուխանյանը։
Կարեն Սարուխանյանն, անդրադառնալով շրջանառվող անուններին, նշել էր, թե հենց այդ մարդիկ են իրենց անունները շրջանառում ու իրենց որպես հավակնորդ տեսնում այդ պաշտոնին։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարեն Սարուխանյանի այս հայտարարությանն՝ ասաց․ «Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ իմ հետ մարզպետի պաշտոնը ստանձնելու շուրջ որևէ խոսակցություն չի եղել, և ես շարունակելու եմ իրականացնել իմ աշխատանքը Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում։ Ես այդ հարցը վերջնական փակել էի, բայց քանի որ Շիրակի մարզպետն իրեն իրավունք է վերապահել շրջանառվող երկու անունների՝ իմ և Տիգրան Պետրոսյանի մասին նշել, որ այս մարդիկ իրենք են իրենց առաջադրում, կարծում եմ մարզպետը պիտի իմանար՝ շրջանառվող անուններով մարդիկ իրենք իրենց առաջարկող չեն ու հանրապետության պահանջված մասնագետներն են։ Եթե իհարկե, իմ ընթերցած նյութն ու մարզպետի խոսքերը ուղիղ համեմատական են իրար հետ։
Ես անլուրջ եմ համարում Շիրակի մարզպետի ասածը, որովհետև ինքը չի տիրապետում իրավիճակին ու չի ճանաչում գոնե իր մարզում գործունեություն ծավալող մարդկանց։ Ես երեկ հայտարարել եմ, որ մարզը ունի լավագույն մասնագետներ, լավագույն մենեջերներ, մարզը չունի կադրերի սով ու կկարողանա իր կադրային խնդիրները տեղում լուծել՝ ընտրելով լավագույն մասնագետների։ Ցավում եմ, որ Շիրակի մարզպետը փորձում է այդ վերաբերմունքը ցուցաբերել այն մարդկանց հանդեպ, որոնք պետական աշխատանքի առաջին փուլում ֆանտաստիկ արդյունքներ են ցուցաբերել՝ իրենց կառույցը դարձնելով հանրապետության լավագույն կառույցներից մեկը, իսկ մյուս թեկնածուն մարզում 4500-ից ավելի քվե է ստացել, ինչը նշանակում է որոշակի շրջանակների սերն ու հարգանքն է վայելում։ Նա հասարակության շրջանում բավական հեղինակություն ունեցող մարդ է ու այս մարդկանց մասին ուղղակի նման կերպ արտահայտվելու իրավունք չունի, որովհետև այս մարդիկ իրենք իրենց կարևորություն տվող չեն, այս մարդկանց կարևորել է քաղաքը, այս մարդկանց կարևորել է պետությունը»։
Մենք այս թեմայի շուրջ զրուցել ենք նաև Կարեն Սարուխանյանի հետ. հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տիգրան Վիրաբյանի լուսանկարը նրա ՖԲ էջից
սկսվաաաաաաաավ
Ինչ զզվելի են:Սաղդ զզվելի էք:Սաղդ աթոռակռիվ կուդաք:հատկապես էն Տիկոն իրա հակաքրիստոնեական ու կոռումպացված շրջապատով մեկ էլ էս կայֆի տակ մնացածը: