Ղազախստանի Կարագանդա քաղաքում քննություն է սկսվել հունվարի մեկին ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով:
Կարագանդայի շրջանի դատախազությունից հայտնել են, որ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 7 մարդ, նրանցից 5-ը կալանավորվել են: Կասկածյալներից մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզություն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «զանգվածային լրատվամիջոցների մշտադիտարկումը վկայում է, որ կատարվածի իրական պատկերի աղավաղումները շարունակվում են կանխակալ տրամադրված անձանց կողմից, չնայած որ ավելի վաղ դատախազությունը պարզաբանել էր նման գործողություների իրավական հետևանքները»:
«Մասնավորապես, «Վ կոնտակտե» սոցցանցում բացահայտվել է մեկնաբանություն, որը կոչ է անում ուժ գործադրել որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ՝ կապված վերը նշված վեճի հետ: Այդ փաստի առիթով 2019թ. հունվարի 5-ին Կարագանդայի մարզի ոստիկանության բաժնում սկսվել է քննություն Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 174 հոդվածով (Սոցիալական, ազգային, տոհմային, ռասսայական, դասային կամ կրոնական երկպառակություն հրահրել)»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Կարագանդայի մարզի առողջապահության վարչությունից էլ տեղեկացրել են, որ հունարի մեկին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժած երիտասարդի առողջությունը գնահատվում է միջին ծանրության: Օրեցօր նկատվում է դրական դինամիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ հունվարի 1-ի գիշերը, Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում հաճախորդների միջև կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացել է մեկ մարդ,, երեքը՝ վիրավորվել են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ