Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Կարագանդայում հայերի ու ղազախների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը չի կարող ազգամիջյան որեւէ ենթատեքստ ունենալ:
«Որովհետեւ կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, մյուս խմբի՝ դանակահարողների մեջ, ազգությամբ նաեւ ղազախ քաղաքացի է եղել: Մեր լրատվամիջոցներին կոչ եմ անում ստուգել տեղեկատվությունը, որովհետեւ հասկանալի տեղերից կեղծ վարկածներ են շրջանառության մեջ դրվում, ստուգեն, հետո հրապարակեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ընդդիմադիր ուժերից ով կլինի ԱԺ փոխնախագահ հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել, բայց սկզբունքն այն է, որ ժողովրդի կողմից ավելի շատ ձայներ ստացած խմբակցությունը պետք է ունենա փոխնախագահ:
Անդրադառնալով սահմանին ռուսական գազի գնի թանկացմանը՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ շարունակելու են բանակցությունները, որ երկարաժամկետ լուծումների գան եւ ամեն ինչ անելու են՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար:
Թե ինչ ժամկետներ նկատի ունի, երբ ասում է՝ տեսանելի ապագայում շարքային սպառողի վրա գազի թանկացումը չի ազդի, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ժամկետներ դեռ չի կարող նշել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ