Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակը հաղորդակցվում է անգլերեն

Հունվար 07,2019 13:41

Չնայած նրան, որ Փայլակը երաժշտության գիտակ չէր, բայց փորձում էր իր երաժշտական ճաշակը բարձրացնել` շփվելով դասական երաժշտության հետ: Պարբերաբար հաճախում էր օպերային ներկայացումների և սիմֆոնիկ երաժշտության համերգների: Երբեմն, երբ մենակ էր մնում տանը, հեռուստատեսությամբ դիտում էր օպերային ներկայացումներ կամ ռադիոյով լսում էր դասական երաժշտություն, իսկ երբ գիշերները քունը չէր տանում, միացնում էր ռադիոընդունիչը, ականջակալները հագնում ու հաճույքով ունկնդրում էր հայտնի նվագախմբերի և երգչախմբերի համերգները:

Տարօրինակ վերաբերմունք ուներ օպերային ներկայացումների նկատմամբ և զարմանում էր արվեստի այդ տեսակի վրա:

«Դե՛, բան եք իրար ուզում ասել, մարդավարի, սովորական լեզվով ասեք, էլ ինչու եք երգի միջոցով իրար բացատրում ձեր ուզածը»,-խորհում էր նա:

Իսկ երբ սիմֆոնիկ երաժշտության համերգների էր ներկա գտնվում, հետաքրքրությամբ լսում ու զարմանում էր, թե ինչպես են այդ հարյուրից ավելի երաժիշտները տարբեր գործիքներով նվագում ու այդ բոլորին ղեկավարում է ընդամենը մեկ մարդ՝ դիրիժորը իր դեմքի միմիկայով և ձեռքերի շարժումով: Հաճախ էր հիշում աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի հեռուստատեսությամբ տրվող հարցազրույցներից մեկի ժամանակ պատմածը, երբ լրագրողի հարցին, թե ե՞րբ է առաջին անգամ ղեկավարել նվագախումբը, նա ժպտալով պատմեց այդ մասին:

Առաջին անգամ երբ Դուրյանը պետք է ղեկավարեր նվագախումբը, այդ համերգին  հրավիրում է նաև իր մորը: Համերգից հետո, նա հպարտ կեցվածքով, մոր կարծիքն է ուզում իմանալ, իսկ մայրը տխուր պատասխանում է, որ ինքը շատ վատ է զգացել ու ամաչել է իր տղայի համար, երբ  նվագախմբի բոլոր անդամները ինչ որ գործիքով նվագում էին, իսկ ինքը, պատվանդանին կանգնած, միայն տարերայնորեն ձեքերն էր թափահարում:

Մի անգամ, հերթական օպերային ներկայացման ընդմիջմանը, Փայլակը կնոջը թևանցուկ արած քայլում էր օպերայի ճեմասրահում, երբ նկատեց, որ մի դպրոցահասակ երեխայի ինչ որ մարդիկ են շրջապատել ու աշխույժ հարցուփորձ են անում:

Երեխայի ծնողները, իհարկե, ոգևորված էին անգլերեն թեքումով դպրոց հաճախող իրենց տղայի պատասխաններից, բայց Փայլակը նկատեց, որ երեխային շրջապատող երկու տղամարդիկ անգլերենով այնպիսի հարցեր էին  տալիս, որ երեխան  հաճախ դժվարնում էր պատասխան գտնել:

Այդ ժամանակ Փայլակը անգլերենի  եռամսյա դասընթացներն ավարտել էր, քննությունները հանձնել, ընդունվել ասպիրանտուրա և «սպորտային ձևի մեջ չէր» անգլերեն շփվելու համար: Բայց առիթը չուզեց բաց թողնել միջամտելու տեղի ունեցող խոսակցությանը, օգնելու երեխային դժվարին կացությունից դուրս գալու համար, ինչպես նաև ցուցադրելու իր անգլերենի իմացությունը՝ այդ աներես զբոսաշրջիկներին:

Խմբի կողքով անցնելիս, իբրև թե՝ հենց այնպես, կամացուկ արտասանեց.

-Դու, խոսում ե՞ս անգլերեն  (You speake English?):

Երկու զբոսաշրջիկ տղամարդիկ, որոնք երևի այնքան էլ գոհ չէին իրենց տված հարցերին  երեխայի պատասխաններից, մի անգամից թողեցին երեխային, իսկույն շրջապատեցին Փայլակին և սկսեցին հարց ու փորձը այս անգամ արդեն նրա հետ:

Նրանցից մեկը անմիջապես ներկայացավ, որ ինքը իսպանացի է, իսկ ընկերը՝ ամերիկացի, որ իրենք զբոսաշրջիկներ են, շատ են հավանել Հայաստանի պատմական հուշարձանները, Գառնիի տաճարը, Սևանա լիճը, Զվարթնոցը և հատկապես Երևանը՝ իր պայծառ գույներով: Երբ իսպանացին ավարտեց իր փոքրիկ նախաբանը, ամերիկացի զբոսաշրջիկը  Փայլակին հարցրեց.

-Դու սովորում ես Երևանի ամերիկյան համալսարանու՞մ:

-Ոչ,-պատասխանեց Փայլակը,-ուղղակի մի քանի ամիս մասնակցել եմ անգլերեն լեզվի դասընթացների, որպեսզի հանձնեմ ասպիրանտական քննությունը՝ անգլերեն առարկայից:

-Հասկանալի է,-ասաց իսպանացին,-իսկ չե՞ք ասի՝ ի՞նչ արժեն Ձեր տիկնոջ բարձրակրունկ կոշիկները,-կտրուկ փոխելով թեման, հարցրեց նա:

Ա՛յ, քեզ փորձանք: Մի պահ Փայլակը հապաղեց. «Ինչքա՞ն ասեմ, որ լավ լինի»,-ինքն իրեն մտքում հարցրեց նա, ապա նայեց կնոջ կոշիկներին, որոնք սմուսնության առիթով էին պատվիրել և միայն այսպիսի բարձրաշխարհիկ տեղեր այցելելիս էր նա կրում դրանք:

-Իննսուն հազար դրամ (ninety dram),-պատասխանեց  Փայլակը, կարմրելով, որ սուտ է ասում:

-Տասնի՞նը, թե իննսուն (nineteen or ninety?),-զարմացավ իսպանացին:

Փայլակը համարձակորեն կրկնեց, որ իննսուն հազար արժեն կնոջ կոշիկները և դրանք հատուկ պատվերով են կարված:

-Իսկ ինչքա՞ն է Ձեր ամսական աշխատավարձը,-նորից հհետաքրքրվեց հաղթանդամ իսպանացին:

Փայլակը, իհարկե, այստեղ էլ մի փոքր կարկամեց, բայց հստակ պատասխանեց.

-Շաբաթական՝ իննսուն հազար (ninety per week) դրամ:

-Լա՛վ է, լա՛վ է (well, well),-արձագանքեց ամերիկացին:

-Իսկ, կներեք, որ ձեր կնոջ հագուստին է նորից հարցս վերաբերում, չեք ասի՝ ի՞նչ արժե նրա այս գեղեցիկ շրջազգեստը:

«Հիմա սրան ինչ պատասխանեմ, որ լավ լինի»,-մտքում նորից ծանր ու թեթև արեց Փայլակն ու ժպտալով պատասխանեց.

-Դրանով ավարտվելու է՞ Ձեր թեման, թե՞ անցնելու եք կնոջս այլ հանդերձանքներին նույնպես (With that end in your theme or other garments can also switch):

Խոսակիցը, իհարկե, հասկացավ Փայլակի նրբանկատ զգուշացումը և ծիծաղելավ ասաց.

-Կներեք, բայց, եթե չեք ցանկանում, կարող եք չպատասխանել:

Բայց այդ պահին էլ զրույցն ընդհատվեց, քանի որ հնչեց առաջին ընդմիջման ավարտն ազդարարող և ներկայացմանը հրավիրող զանգը: Իսկ երբ Փայլակը պատրաստվում էր հրաժեշտ տալու նրանց ու հեռանալ, զբոսաշջիկները խնդրեցին, որ հաջորդ ընդմիջմանն էլ հանդիպեն և զրույցը շարունակեն, շեշտելով, որ նրա հետ հետաքրքիր էր հաղորդակցվելը:

Հենց այդ պահին էլ ամերիկացի տղամարդը, որը զրույցի ընթացքւմ ավելի քիչ էր միջամտում խոսակցությանը, հանկարծ գրպանից հանեց գնդիկային մի գեղեցիկ գրիչ և հանձնելով իսպանացուն, որը հիմնական զրույց վարողն էր ու Փայլակի նման դժվար էր խոսում անգլերեն, խնդրեց, որ այն նվիրի Փայլակին:

Իհարկե, Փայլակը չեմուչում արեց, բայց ստիպված վերցրեց այն բանից հետո, երբ ամերիկացին ասաց.

– Հուշանվեր է (for souvenir):

Հիմա էլ՝ Փայլակի կինը բոթեց նրա կողը:

-Բա մի բան էլ դու պետք է նվիրես նրան, ամոթ է:

-է՛, թաշկինակս նվիրե՞մ,-պատասխանեց Փայլակը նեղվելով:

Շնորհակալություն հայտնելով զբոսաշրջիկներին Փայլակը թևանցուկ արեց կնոջը և արագ քայլերով մտան  դահլիճ:

Հաջորդ ընդմիջմանը Փայլակը ճեմասրահ դուրս չեկավ՝ խուսափելով օտարազգիների հետ հանդիպումից:

Բայց դա իրեն դաս եղավ և ամեն անգամ որևէ ներկայացման գնալիս կամ չէր շփվում անծանոթ մարդկանց հետ կամ էլ պատրաստ էր այդպիսի դեպքերում ինքն էլ նվեր մատուցել ու տոնական պիջակի գրպանում, մշտապես պահում էր թանկարժեք կաշվից պատրաստած փոքրիկ դրամապանակը՝ Արարատ լեռան և Հայաստանի հանրապետության դրոշի պատկերներով:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031