Այսօր առավոտյան Կարագանդայի ղեկավարությունը հանդիպել է հունվարի 1-ին «Հին Հռոմ» ռեստորանում զանգվածային ծեծկռտուքի հետեւանքով զոհված երիտասարդի հարազատների հետ:
Կարագանդայի ակիմատի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նրանց մանրամասն պարզաբանում է տրվել հետաքննության ընթացքի մասին:
Այդ ընթացքում ոստիկանության դեպարտամենտի առջեւ տեղեկություն ստանալու նպատակով հավաքվել է 200-230 մարդ: Նրանց առջեւ ելույթ է ունեցել Կարագանդայի երկրամասի ակիմ Երլան Կոշանովը եւ սպառիչ պարզաբանում է տվել քննության ընթացքի ու հետագա քայլերի մասին: Ակիմը հայտարարել է, թե գործի քննությունը վերցվել է ՂՀ գլխավոր դատախազի անձնական հսկողության տակ եւ ընդգծել, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Իշխանությունները խոստացել են, որ գործընթացը կլինի թափանցիկ ու օբյեկտիվ:
Փաստով իրավապահ մարմինները քրգործեր են հարուցել ՂՀ քրեական օրենսգրքի «սպանություն» եւ «խուլիգանություն» հատկանիշներով հոդվածներով: Ստեղծվել եւ օպերատիվ աշխատում է քննչական խումբ:
Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է ութ մասնակից, որից յոթը ձերբակալվել է, մեկի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Ակիմատում ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ քաշքշուկը ծագել է երկու խմբերի միջեւ եւ ազգամիջյան բնույթ չի ունեցել:
Մամուլի ծառայությունը նաեւ հիշեցնում է, որ կեղծ տեղեկություն տարածելու համար պատասխանատվություն է սահմանվում ՂՀ ՔՕ 274 հոդվածով (մինչեւ 5000 МРП տուգանք կամ նույն չափով ուղղիչ աշխատանք կամ ազատության սահմանափակում մինչեւ 7 տարի կամ նույն ժամկետով ազատազրկում):
Այս պահի դրությամբ քաղաքում եւ երկրամասում իրավիճակը հանգիստ է, հասարակական կարգի խախտում թույլ չի տրվել՝ տեղեկացնում է Կարագանդայի երկրամասի ակիմատի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայի կենտրոնում գտնվող խոշոր ռեստորաններից մեկում ամանորյա բանկետն ավարտվել էր դանակահարությամբ, որի արդյունքում մեկ տղամարդ մահացել էր, եւս երկուսը՝ տեղափոխվել հիվանդանոց: nur.kz-ի փոխանցմամբ, տղամարդկանց ոչ սթափ խումբը ռեստորանում բանավեճ է սարքել, այնուհետեւ դուրս է գնացել փողոց, որտեղ էլ գործի են դրվել դանակները: Սոցցանցերի փոխանցմամբ, ղազախները կատարվածի համար մեղադրում են հայկական համայնքի ներկայացուցիչներին եւ փողոցներում հակահայկական միտինգներ են կազմակերպում:
https://www.youtube.com/watch?v=6oFAsbhknAE&feature=youtu.be&fbclid=IwAR2dkAZqyimF4QUd6YU1grH4ZN4i6KrvGtbsTP1gLsSvQ7LuS8rwlOf6ECA
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ