Ռուսական «Риа новости» լրատվական գործակալությունն այսօրվա հրապարակումներից մեկում անդրադարձել է ցանցահենների խմբերից մեկի հերթական բացահայտմանը, որում հետաքրքրական տեղեկություններ կան նաեւ Հայաստանի առնչությամբ: Ria.ru-ն գրում է, որ Anonymous անվամբ ցանցահենների խմբի ներկայացուցիչները հրապարակել են նոր փաստաթղթեր, որոնք վկայում են՝ բրիտանացի հարկատուների հաշվին իրականացվել է Integrity Initiative անվամբ բրիտանական պետական ծրագիրը, որի նպատակն է՝ ռուսական հեռուստաընկերություններից մեկի եւ կուսակցական առաջնորդներից մեկի գործունեության ուսումնասիրություն: Փաստաթղթերում, մասնավորապես, ամփոփված են հետսովետական պետություններում իրավիճակի, ինչպես նաեւ՝ Սիրիայում իրավիճակի մասին տեղեկություններ:
Ըստ ռուսական լրատվականի՝ Միացյալ թագավորության արտգործնախարարությունն արժանահավատ է ճանաչել Anonymous-ի՝ ավելի վաղ հրապարակած այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Լոնդոնի միջամտությանը ԵՄ երկրների ներքին գործերին եւ ՌԴ-ի դեմ տեղեկատվական պատերազմին: Anonymous-ի այսօրվա հայտարարության մեջ ասվում է. «Մենք զգուշացրել էինք Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որ վերջինս պետք է իրականացնի Integrity Initiative-ի գործունեության թափանցիկ եւ բազմակողմանի քննություն, մինչդեռ այսօր նկատում ենք քաղաքական գործիչների խուսափողականությունն այս թեմայի շուրջ»: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ ըստ բացահայտված փաստաթղթերի՝ Integrity Initiative-ն ակտիվ է Սերբիայում, Լիտվայում, Լատվիայում, Նիգերիայում, Շվեյցարիայում, Հայաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Մոլդովայում:
Դեռեւս 2018թ. նոյեմբերին ցանցահեններն առաջին անգամ հրապարակել էին «Պետական կառավարման ինստիտուտի»(Integrity Initiative) գործունեության մասին փաստաթղթեր: Ըստ ցանցահենների՝ Մեծ Բրիտանիան Integrity Initiative-ն օգտագործում է ԵՄ երկրների ներքին գործերին միջամտելու եւ Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմի նպատակով:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ