Ինչպես օրերս հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի սակագինը կբարձրանա, սակայն քաղաքացիներին գազը կմատակարարվի նույն գնով: Վարչապետի խոսնակն էլ հավելել էր, որ սպառողների համար սակագինը հնարավոր է եղել պահպանել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին:
«Հասկանալի է, որ սահմանին թանկացած գազը քաղաքացիների համար չի թանկանա, բայց արդյոք կբարձրանա՞ գազի գինը, օրինակ, ԱԳԼՃԿ-ներում: Այսինքն, ոչինչ չի հայտարարված այն մասին, թե արդյոք գազը թանկանալո՞ւ է նաեւ իրավաբանական անձանց համար»,-Aravot.am-ի հետ զրույցում նման հարցադրում արեց էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը (լուսանկարում):
Նրա բնորոշմամբ՝ եթե իրավաբանական անձանց համար էլ գազի գինը թանկանա, դա կազդի սպառողի գրպանի վրա:
Անդրադառնալով փաստին, որ սպառողի համար գազի սակագինը պահպանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին, փորձագետը հիշեցրեց, որ ընկերությունը մենաշնորհային կառույց է, ուստի գազի գինը պետություն-մատակարար բանակցությունների արդյունքում է որոշվում. «Գազպրոմ Արմենիա»-ն հայ սպառողի համար կարող է գազի գինը չբարձրացնել ներքին ռեսուրսի հաշվին՝ այն բանի դիմաց, որ պետությունը նրան որոշակի հարկատեսակներից ազատի: Ներքին հաշվարկների արդյունքում դա տեխնիկապես հնարավոր է»:
Արմեն Մանվելյանը նաեւ նշեց, որ գազի սակագնի բարձրացումը հնարավոր է՝ որոշակիորեն ազդի նաեւ ՀՀ բյուջեի վրա. «Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն որոշ հարկատեսակներից ազատվի, ՀՀ բյուջե ավելի քիչ փող կմտնի. ինչպես հայտնի է, «Գազպրոմը» ՀՀ ամենախոշոր հարկատուներից է: Եթե որոշ ժամանակ անց՝ տարվա կեսին, երեւա, որ «Գազպրոմ Արմենիա»-ի հարկերը նվազել են, դա կնշանակի, որ ավելի քիչ է հարկ մուծում եւ դրա դիմաց գազի գինը չի բարձրացնում ներքին սպառողի համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ