Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին իրականացան մեր ամենահամարձակ երազանքները, 2019-ին մեր ո՞չ համարձակ երազանքների իրականացման հերթն է

Հունվար 05,2019 16:38

Կրկին եկավ նոր տարին և մարդիկ սկսեցին կապի միջոցներով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ փոխանակել: Ավելի ավանդապահները այցելելում են միմյանց ընտանիքներ՝ իրենց բարի ցանկությունները բաժակաճառերով արտահայտելու համար: Սովորական դարձած կենացներից չձանձրանալու համար, հաճախ անցնում են քաղաքական թեմաների: Գինովնալուց հետո ոմանք վստահորեն հայտնում են այնպիսի «հավաստի» տեղեկություններ, որ լսել են «շատ լուրջ» աղբյուրներից, իսկ ավելի համարձակներն էլ քաղաքական կարևոր կանխատեսումներ են անում: Բայց եթե մեկ տարի առաջ ամանորյա սեղանի շուրջը որևէ մեկը կանխատեսեր, որ առաջիկա ամիսներին Սերժ Սարգսյանը հրաժարական կներկայացնի և մինչև տարեվերջ էլ ՀՀԿ-ն կդադարի լինել խորհրդարանական ուժ, այդպիսի մարդուն կնայեին հեգնանքով և կհամարեին իրատեսությունից բացարձակապես զուրկ անձնավորություն:

Երբ Նիկոլը 2018թ. մարտի 31-ին Գյումրիից սկսեց իր բողոքի քայլերթը, միայն հատուկենտ մարդկանց մտքով կարող էր անցնել, որ քայլողների սակավաթիվ շարքերը Երևան հասնելուց հետո կարող էին տասնապատկվել, հարյուրապատկվել, հազարապատկվել, այնուհետև՝ անզեն ձեռքերով իշխանափոխություն իրականացնել: Ո՞վ կպատկերացներ, որ ՀՀ վարչապետի թեկնածուն կորոշվի Հանրապետության հրապարակում՝ հարյուր հազարից ավելի  մարդկանց վանկարկումների արդյունքում: Ո՞վ կհավատար, որ ցուցարարին մահակով հարվածող ոստիկանը մերն է կամ էլ  մի քանի ամսվա ընթացքում ինքներս մեզ ապացուցելու ենք, որ մենք ենք տերը մեր երկրի:

Այդպիսի անսպասելի և անհավատալի իրադարձություններով լեցուն տարի էր 2018-ը, որի ընթացքում իրականացան մեր ամենահամարձակ երազանքները՝ քրեա-օլիգարխիայի հետ սերտաճած ՀՀԿ-ական իշխանությունից ձերբազատում, ժողովրդի ընտրյալ վարչապետի նշանակում, ընտրակեղծիքների ու ընտրակաշառքի բացառմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և ժողովրդի կամարտահայտությամբ ընտրված քաղաքական ուժերով Ազգային ժողովի ձևավորում:

Այս ամենից հետո, 2019-ին կարծես թե մնացել են իրականացնել մեր ոչ համարձակ երազանքները: Բայց ոչ համարձակը դեռ չի նշանակում՝ ոչ կարևոր:

Պարզ է, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքի համար Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը և նրա կազմավորած կառավարությանը վստահության քվե տալը չնչին իսկ դժվարություն չի ներկայացնի: Վստահ ենք նաև, որ Փաշինյանի կառավարությունը կշարունակի իրականացնել երկրի տնտեսության զարգացումը և ներդրումները խթանող ծրագրերը: Իսկ ի՞նչ ժամկետներում օրակարգ կմտնեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ նոր ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և նոր սահմանադրության ընդունումը, Արցախի հարցում ավելի հայանպաստ սկզբունքներ միջազգային հարթակներ տեղափոխելը, բանակցություններին Արցախի իշխանություններին մասնակից դարձնելը, կախված կլինի նորընտիր իշխանության մարտավարությունից: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ամենը կյանքի կոչվեին 2019թ., քանի որ դրանք թավշյա հեղափոխության օրակարգային կարևոր հարցերից էին և դեռևս մնում են չլուծված: Իսկ հեղափոխության օրակարգի կարևոր հարցերի չլուծված մնալը կարող է ձեռնտու լինել միայն հակահեղափոխությանը: Դե, ուրեմն…

Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031