Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղիում վթարվել է շտապօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։
Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Բժիշկը և բուժքույրը նախնական հետազոտություն են անցել և ունեն թեթև մարմնական վնասվածքներ։ Վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն՝ վնասվել է փայծաղը։ Վարորդին կատարվելու է վիրաբուժական միջամտություն։
Այլ մանրամասները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։