Երբ ծնվեց աղջնակը՝ 3կգ. 600 գր. քաշով, նա դեռ չգիտեր, որ իր անունը Աստղիկ է լինելու, իսկ Արշակ պապը դառնալու է իր խաղալիքը: Եվ մինչ մեծանում էր աղջնակը՝ քայլելու, խոսելու և ծնողներին զզվեցելու արվեստը յուրացնելով, Արշակ պապի ուղեղը կամաց-կամաց չորանում էր: «Այցհեյմեր» տարօրինակ բառն առաջին անգամ արտաբերվեց ընտանեկան օջախում, երբ Աստղիկն ընդհուպ մոտեցել էր երեք տարեկան դառնալու սահմանագծին: Պապիկին կարճ ժամանակով տարան տնից, բայց հետո բերեցին կրկին ու դրեցին այն բազկաթոռի մեջ, որտեղ շունն էր քնում որոշ ժամանակից ի վեր: Բուռն բողոքի հաչոցներ շռայլելով՝ կենդանին մտավ մահճակալի տակ և դեռ մի քանի օր սպառնալից գռմռում էր: Բժիշկը դադարեցրեց իր այցելությունները: Չգիտեմ, տան անդամները փո՞ղ էին տնտեսում, թե՞ հույսները կտրել էին Արշակ պապից, որ մոռացել էր արդեն, թե ինքը ո՛ր երկրի քաղաքացին է, և թե ո՛վ կարող էր լինել իր երկրի վարչապետը: Ճիշտ է, մարդը հազիվ էր տեղաշարժվում, հազիվ վեր էր կենում անկողնուց, ու 15 րոպեներ էին անցնում զուգարան տանող ճանապարհը կտրելիս, բայց որոշ շարժումներ պահպանվել էին այնուամենայնիվ, իսկ դրանցից ամենահաջողվածը քացին էր: Հարվա՛ծ, և Կոկոն շնիկը դառնում էր Ծաղիկ գամփռ: Պոչը ոտքերի արանքը քաշելով, խեղճ կենդանին իր ցեղակիցների դարդն էր ոռնում՝ երկար ու ձիգ կլանչելով շնային հայհոյանքներ, որոնք, ներեցե՛ք, չեմ կարող թարգմանել: Ի դեպ, Աստղիկն արդեն հինգ տարեկան էր, իսկ պապիկը, երկար ու ձիգ խորհելուց հետո, հաստատ համոզված էր, որ ինքը զբոսաշրջիկ է օտար երկրից, բայց ետդարձի տոմս չունի և հենց այդ պատճառով էլ հանդուրժում է այս մարդկանց ոտնձգություններն ու նազուտուզը: Ստիպվա՛ծ: Ոտնձգությունների մեջ էին մտնում տաք ճաշը, ականջի տակ բառեր գոռալն ու բազկաթոռը հետույքի տակից հանելը, ինչն առանձնահատուկ ստորություն էր: Ժամանակ առ ժամանակ հայտնվում էին մարդիկ, իսկ ավելի ճիշտ՝ երեք շանորդի, որոնցից մեկը սև ճամպրուկ ուներ, և լվանում էին պապի մարմինն ամենայն մանրամասնությամբ, մկաններ բացող մերսումներ էին կատարում ու դեմքից խլում էին մորուքը, որն, ըստ էության, փառահեղ պիտի լիներ, որովհետև՝ էլ ի՞նչ պանդուխտ՝ առանց մորուքի:
– Թո՛ւ, ես ձեր…,- բղավում էր Արշակ պապն ամեն անգամ, երբ մսագործի արտաքին ունեցողն իր սուրսայր ածելին էր սրում, որպեսզի մի րոպեում մորթի անտերունչ մարդուն: Բայց «մսագործն» աննշան կտրվածք իսկ չէր թողնում դեմքի վրա, իսկ պապը դեռ երկար ժամանակ տնտղում-շոշափում էր ինքն իրեն՝ խիստ զարմանալով, որ կրկին կենդանի մնաց հույժ վտանգավոր գործողություններից հետո: Շարունակ փլուզվում էր նրա հավատն առ այն, որ, ահա՛, արյան գետեր կհոսեն, իսկ ինքը կտապալվի անշունչ՝ անտեր թողնելով ձյունախառն իր երազանքը:
Տո՛ւն վերադառնալու երազանքը:
Հետո եկան օրեր, և դրանք ամենավատ օրերն էին, երբ Աստղիկն արդեն յոթ տարեկան էր, իսկ տան անդամները բացակայում էին օրվա մեջ մի քանի ժամ, քանզի նրանք բոլորը գերեվարված էին երախտագիտությամբ, փող աշխատելու անհրաժեշտությամբ և հանրօգուտ աշխատանքներ կատարելու բնական պահանջներով: Եվ երբ դատարկվում էին սենյակներն ու տանը կենդանի շունչ չէր մնում՝ պապից բացի, Աստղիկն իր կիսամեռ պապի հետ էր իրականացնում բոլոր այն խաղերը, որոնք, սովորաբար, տիկնիկներ են ներառում, իսկ տիկնիկները մեծ դժվարությամբ են հանդուրժում դրանք:
Կարդացեք նաև
Սրանից զատ՝ տանը հաճախ էին հնչում այսպիսի նախադասություններ.
– Աստղի՛կ, ի՞նչ ես անում, հիմար երեխա…
Ձի՜-ձի՜, ձի՜-ձի՜…
Հասկանո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում:
Եվ՝ կամ.
– Վա՜յ, բա մեր Արշակն ի՞նչ եղավ…
Երկու հոգի ժպտում էին մահճակալի տակից: Մեկը՝ ծեր ու անմիտ, մյուսը՝ ոսկեգանգուր չարաճճի:
Ապա բերեցին ճռճռան անիվներով մի նստասայլակ, որ օգտագործվել էր քանիցս, և իրականություն դարձավ Հիսուս Քրիստոսի գեղեցիկ պատգամն առ այն, թե ի՛նչ փառահեղ ապագա պիտի ունենար մարդն իր եզակի կյանքում. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. երբ երիտասարդ էիր, ինքդ էիր կապում գոտիդ և գնում ուր որ ուզում էիր: Բայց, երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կկապի գոտիդ ու կտանի քեզ այնտեղ, ուր չես կամենա»:
– Ձյուն,- հաճախ կրկնում էր Արշակ պապը, որովհետև խեղճ մարդու սիրտը վառվում էր:
Ապա ձմեռ եկավ, և բռաչափ փաթիլներ թափվեցին օրերից մի օր:
… Օրերից մի օր, երբ տան անդամները տանը չէին, Աստղիկը պատշգամբ հանեց պապին՝ նստասայլակը հրելով, և Զառամյալն արթնացավ հանկարծ:
Օ՜, ի՛նչ պայծառ էր վերջին կայծը, որ հանկարծ բռնկվեց նրա ուղեղում՝ ողջ կյանքն ակնթարթի մեջ լուսավորելով:
– Պա՛պ, տեսնո՞ւմ ես փաթիլները,- հրճվում էր Աստղիկն ու պատշգամբից սենյակ էր վազում ստեպ-ստեպ, որպեսզի մի փոքր տաքանա: Շունն իր մասնակցությունն ուներ աննախադեպ այս ուրախության մեջ, բայց կենդանին մի կողմ քաշվեց հանկարծ, մռլտաց սրտաճմլիկ ու կորցրեց իր ներկայությունը՝ մահճակալի տակ սողոսկելով:
Փաթիլներ իջան նաև նրա չարագույժ ոռնոցի վրա:
Սմբատ Բունիաթյան