Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեստորաններում եւ հանրային սննդի կետերում գները կբարձրանան. սեփականատերերը Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Հունվար 05,2019 14:20

Հունվարից հայաստանյան ռեստորաններում, ժամանցի կենտրոններում եւ հանրային սննդի այլ կետերում գների բարձրացում կարձանագրվի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Հայկական ռեստորանների միության» համակարգող Աշոտ Բարսեղյանը: Նա տեղեկացրեց, որ պատճառը հարկային նոր փոփոխություններն են (հունվարի 1-ից շրջանառության հարկը 6%-ից դարձել է 8%, իսկ հաջորդ հունվարից կավելանա ևս երկու %-ով), որոնք փաստի առաջ են կանգնեցրել թե խոշոր, եւ թե փոքր սննդի կետերի սեփականատերերին: Ռեստորանները, ըստ մեր զրուցակցի, գործադուլ կանեն հունվարին, երբ հայտնի կլինի ՀՀ նոր կառավարության վերջնական կազմը: «Զգուշացնում ենք, որ հարկային բեռի ավելացումն անդառնալի փոփոխություններ կբերի: Եթե հուլիսից մենք եկամուտների հաշվին գին չենք բարձրացնել, սպասել ենք, ապա հիմա էլ չենք կարող: Դրա հետեւանքը մեր տնտեսվարողները գիտակցում են»,-նշեց Աշոտ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ սննդի օբյեկտներում գների բարձրացման հետեւանքով ներքին սպառումը կնվազի, տուրիզմի ցուցանիշները՝ եւս. «Մեր տուրիստական գրավչությունը կկորցնենք: Վերջին տասը տարում ապրանքների գնաճ եւ կոմունալ վճարումների ավելացում են գրանցվել, ինչը մենք «ծածկել» ենք մեր եկամուտների հաշվին, բայց հիմա այդպես էլ հնարավոր չէ: Գինը բարձրացնելն ամենավերջին միջոցն է, որին կարելի է դիմել: Մենք տարածաշրջանում կայացած սննդի ոլորտ ունենք, եթե գին ենք բարձրացնելու, Վրաստանի հետ համեմատած՝ ավելի վատ դիրքում ենք հայտնվելու: Սննդի ոլորտում այլեւս չենք կարող մրցել այդ երկրի հետ»:

Ըստ մեր զրուցակցի՝ հարկային նման փոփոխություններով ՀՀ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը կարճաժամկետ խնդիր են լուծում՝ բյուջեի համար եկամուտներ ապահովելով, մինչդեռ դա հետեւանք է ունենալու տնտեսության վրա. «Պաշտոնյաների հետ հանդիպել ենք, բացի՝ վարչապետից, նրա հետ հանդիպել չի ստացվում, մենք պահանջում ենք այդ հանդիպումը: Պաշտոնյաները թյուր կարծիք ունեն մեր ոլորտի թվաբանության մասին, նրանք սխալ տեղեկատվություն են հասցնում վարչապետին: Սոցցանցում մեզ մեղադրում են գերշահույթ ապահովելու եւ հարկեր թաքցնելու մեջ, մինչդեռ ցանկանում ենք խնդիրը ճիշտ ներկայացնել՝ բոլորն էլ հարկ վճարել են: Այլեւս ներդրում չենք անելու, քանի դեռ տնտեսական քաղաքականությունը հստակ չէ»:

Հետաքրքրվեցինք՝ քանի՞ սննդի կետի սեփականատեր է հաստատել, որ սպասարկման գները բարձրանալու են: Աշոտ Բարսեղյանը պատասխանեց. «Բոլորը: Գները չբարձրացնել չեն կարող: Պատկերացրեք, որ ձեր հարկերը հինգից վեց անգամ ավելանան…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031