Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինական տիեզերանավն առաջին վայրէջքը կատարեց լուսնի հակառակ կողմում. «Ամերիկայի ձայն»

Հունվար 04,2019 14:00

Չինաստանին պատկանող տիեզերանավը հունվարի 3-ին վայրէջք կատարեց լուսնի հակառակ կողմում՝ բեկում իրականացնելով երկրագնդի բնական արբանյակի ուսումնասիրման պատմության մեջ, քանի որ մինչ այժմ ամերիկյան ու խորհրդային, նաեւ ռուսական տիեզերանավերն իջել են լուսնի միայն այն կողմում, որը տեսանելի է երկրագնդից։ Իսկ վերջին տարիներին թռիչքներն իրականացվում էին հիմնականում լուսնի ուղեծրի շուրջը, կամ պարզապես ավարտվում էին երկնային այս մարմնին հարվածելով։

Դեկտեմբերի 7-ին արձակված տիեզերանավը լուսնի ուղեծիր էր մտել հինգ օր անց, եւ դեկտեմբերի 12-ից պատրաստվում էր վայրէջքին, որն իրականացվեց հունվարի 3-ին։

Չինական դիցաբանության մեջ լուսնի աստծո անունը կրող տիեզերանավը՝ «Չանի 4»-ը, վայրէջքն իրականացրել է Հարավային բեւեռի Այթքենի ավազանում եւ արդեն երկիր ուղարկել լուսնի մակերեւույթի վրա կատարած առաջին լուսանկարները։ Քանի որ այն գտնվում է լուսնի հակառակ կողմում, տվյալները նախ փոխանցվում են ուղեծրում պտտվող «Չուչիո» անվանումը կրող չինական արբանյակին, որն էլ այն ուղարկում է դեպի երկիր։

«Չանի 4»-ն այժմ սկսելու է ուսումնասիրությունները Վոն Քարմանի խառնարանում, ինչն արեգակնային համակարգում ամենամեծ հարվածից առաջ եկած 2 5ՕՕ կմ տրամագծով եւ 13 կմ խորությամբ հսկա իջվածք է։ Այն լուսնի ամենամեծ, ամենախորը եւ ամենահին խառնարաններից մեկն է։ Բացի լուսնի ժայռաբեկորները եւ հարվածից հալված ժայռերն ուսումնասիրելուց, չինացի գիտնականներն ասում են, թե այս հատվածը գերազանց վայր է ռադիոաստղագիտության համար, քանի որ պաշտպանված է երկրագնդի այսպես կոչված ռադիոաղմուկից։

Խցիկը, որն իջել է լուսնի վրա, կրում է 3 կիլոգրամանոց մի պահոց՝ լցված կարտոֆիլի եւ կաղամբատիպ բույսերի սերմերով, ինչպես նաեւ մետաքսի որդի՝ շերամի ձվերով։ Նպատակը կենսբանական փորձեր իրականացնելն է, որի վրա աշխատել են Չինաստանի 28 համալսարանների մասնագետներ։

«Չանի 4»-ի առաքելությունը Չինաստանի կողմից լուսնի ուսումնասիրության ծրագրի երրորդ մասն է։ Առաջին երկու առաքելությունների նպատակը լուսնի ուղեծրից տվյալներ ստանալն էր։ Չորրորդ եւ հինգերորդ առաքելությունները նախատեսում են հետ վերադարձ, լուսնի մութ կողմից իրենց հետ երկիր բերելով լուսնաքարեր ու հող՝ երկրի վրա դրանք ուսումնասիրելու համար։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031