Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել օրերս այդ երկրի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
«Ստացված տվյալների համաձայն, հունվարի 1-ի գիշերը, Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում հաճախորդների միջեւ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել է տղամարդ, երեքը՝ վնասվածքներ են ստացել: Վշտակցում ենք այս ողբերգական միջադեպի համար, որը մարդկային կյանք է խլել: Ցավակցում ենք մահացածի հարազատներին եւ մտերիմներին:
Մենք վստահ ենք՝ քննությունը կպարզի միջադեպի հանգամանքները, մեղավորները կբացահայտվեն եւ պատիժը կկրեն օրենքի համաձայն»,-ասված է հայտարարության մեջ:
Դեսպանությունը նաեւ նշել է՝ «Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար տիրում է ազգամիջյան համաձայնություն եւ բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների հանդեպ:
Հույս ունենք, որ զանգվածային լրատվության միջոցները հղում կանեն պաշտոնական աղբյուրներին եւ սոցցանցերում չեն տարածի չստուգված տեղեկություններ, որոնք կարող են դառնալ հանրային կարծիքը մանիպուլացնելու եւ ողբերգությանը ազգամիջյան բախման երանգ տալու միջոց»:
https://www.facebook.com/basekz/videos/370328210392694/
Ղազախական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մեկ մարդ է մահացել, երեքը՝ դանակի հարվածներից վնասվածքներ: Վիրավորներին հիվանդանոցում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը, նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Ըստ ղազախական լրատվամիջոցի, դատարանը կասկածյալներին ձերբակալելու որոշում է կայացրել: Կասկածյալներից երեքն, ըստ նույն աղբյուրի, ազգությամբ հայեր են:
Նրանցից մեկն, ինչպես հայտնում է ղազախական աղբյուրը, Գուրուրյան Ն.-ն է, որին դատարանը երկու ամսով կալանավորման որոշում է կայացրել, քանի որ նա թաքնվում էր նախաքննական մարմիններից: Կալանավորման որոշում կա նաեւ կասկածյալներ Մալխասյան Ս.Ս.- եւ Մալխասյան Տ.Մ.-ի, Նադիրբեկով Կ.Խ.-ի նկատմամբ:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ