Հունվարի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում տղամարդու դիակ կա:
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ հունվարի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Շահումյան գյուղի բնակիչ Վարդան Ո.-ն իր «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենայով հիշյալ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Մասիս գյուղի բնակիչ, 1968 թ. ծնված Գագիկ Կարապետյանին: Վրաերթի հետևանքով ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Նույն օրը, ժամը 17:25-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները Վարդան Ո.-ին բերման են ենթարկել և ներկայացրել Արարատի մարզային քննչական վարչություն:
Մեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն