Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահրատարակվել է «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը

Հունվար 03,2019 21:11

Հարգելի՛ հայրենակիցներ

Վերջերս իմ և ընկերներիս աջակցությամբ ավելի քան 130 տարվա ընդմիջումից հետո միջին հայերենից վերածվել է արդի հայերենի և վերահրատարակվել (առաջին անգամ տպագրվել է 1886թ.-ին, Սանկտ Պետերբուրգում) «Գաղտնիք Ղարաբաղի» պատմական գիրքը:

Պատմագրության հեղինակը, ըստ գրքի առաջաբանի հեղինակ և թարգմանիչ, հնագետ, գրող, հոգևորական Մակար Բարխուդարյանցի, Աբրահամ Բեկնազարյանցն է, ում թելադրածը գրի է առել որդին՝ Ապրես Բեկնազարյանցը. նրանք ծնունդով ներկայիս Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից են:

Օգտվելով հանգստյան օրերին ունեցածս ազատ ժամանակից, որոշեցի այն կարդալ և պետք է ասեմ, որ հեղինակը գրքի միջոցով լույս է սփռում մեր երկրամասի պատմական կարևոր և հույժ գաղտնի տեղեկությունների վրա: Հատկապես հետաքրքրական էր ծանոթանալ Արցախի հայ մելիքների քաղաքական նկրտումներին, տնտեսական կապերին, հայ կաթողիկոսների ու մելիքների ունեցած գաղտնի հարաբերություններին՝ Ռուսական կայսրության քաղաքական և զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, ինչպես նաև պարսից շահերի և նրանց արքունի կապերին՝ Այսրկովկասի խաների հետ և այլն: Ու այդ ամենը՝ գրեթե արխիվային փաստաթղթերի ու նամակների տեսքով…

Բնականաբար, ինչպես ենթադրվում է, հետաքրքիր նյութերի և նորությունների պակաս չկար, բայց որպեսզի գրքի հանդեպ հանրային հետաքրքրությունը չպակասի, առայժմ կանդրադառնամ միայն Արցախի մելիքական տոհմերի ծագումնաբանության մասին տեղեկատվությանը, որը, կարծում եմ, շատերին կհետաքրքրի:

Ըստ հեղինակի՝ Արցախի մելիքական բոլոր հինգ տոհմերը՝ Մելիք-Բեգլարյանները (Գյուլիստան), Մելիք-Իսրայելյանները (Ջրաբերդ), Հասան-Ջալալյանները (Խաչեն), Մելիք-Շահնազարյանները (Վարանդա) և Մելիք-Եգանյանները (Դիզակ) բնիկներ են, ինչը օրինակ հակասում է «Խամսայի մելիքություններ» աշխատության մեջ հայ մեծ վիպասան Րաֆֆիի այն պնդմանը, որ Արցախի մելիքներից ծագումով տեղացի է եղել միայն Հասան-Ջալալյանների տոհմը: Ավելին, նրանք Բուն Աղվանից հայոց վերջին թագավոր Գրիգորի (11-րդ դար) երեք որդիների՝ Սմբատի, Վախթանգի և Վասակի սերունդներն են: Որպես ասածիս հավաստում՝ «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից մեջբերեմ մի հատված. «…Որովհետև Ղարաբաղը Աղվանից երկրի մի մասն է կազմում, և հինգ մելիքներն Աղվանից թագավորների՝ հետագայում իշխող սերունդներն են, իբրև բազմադարյա սեփականություն՝ այդ երկրի հողերը կտակել են հինգ ժառանգորդ մելիքներին, որդոց որդի տեր և իշխան կարգելով…»: Իսկ Աղվանից հայկական թագավորության ակունքները, ինչպես գիտենք, սկսվում են վաղ միջնադարից:

Կարծում եմ՝ պատմաբաններն ու ուսումնասիրողները, իսկապես, անելիք ունեն այս հարցում, հատկապես, որ այդ մելիքական տոհմերի ժառանգներն այսօր էլ շարունակում են ապրել Արցախում և Մայր Հայրենիքում՝ յուրօրինակ կապ հանդիսանալով մեր ներկայի ու անցյալի միջև:

Մի խոսքով, հետաքրքիր գիրք սեփական պատմության մասին վավերագրական ավելի խորը տեղեկություններ փնտրողների համար, որ խորհուրդ կտայի անպայման ընթերցել:

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031