«20 հազարն ընդհանուր ուղևորահոսքն է: Այնտեղ երկու ցուցիչ կա՝ ՀՀ անձնագրերով մուտք և ելք. դրանց մեջ մտնում են նաև զբոսաշրջիկները: Բայց հայկական անձնագրերով մուտք ու ելքերի ցուցանիշը դեռ չի հրապարակվել»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ գործոնների արդյունքում է ստացվել այնպես, որ ՀՀ ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713, ինչի մասին գրառում էր կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսպես պատասխանեց ժողովրդագրագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը:
Նա մանրամասնեց, որ բնակչության թվաքանակը, միգրացիոն իսկական սալդոն որոշում է, թե արդյոք Հայաստանում քանի հոգի է գրանցվել մշտական բնակության և դուրս եկել գրանցումից: Այդ թվերը վերջնական տալիս է ԱՎԾ անձնագրերի և վիզաների վարչությունը:
Արտակ Մարկոսյանը նշեց, թե 2008-2017 թվականներին արտագաղթն աճել էր, բացասական սալդոն 23000-48 հազար էր, իսկ վերջին տարվա ընթացքում արտագաղթի անկում էր նկատվում. «2013 թվականից ազգային վիճակագրական ծառայությունը փոխեց մեթոդաբանությունը և պետական մակարդակով սկսեցին գրանցել, որ մեր բնակչության թվաքանակը սկսում է նվազել: 2013-ից էլ սկսեցին հաշվի առնել միայն միգրացիայի սալդոն, և այդ հաշվարկում մեր բնակչության մշտական թիվը սկսեց պակասել. «Շատ մեծ էր արտագաղթը 2008-ին, 2017-ին: Բայց 2017-ին 2016-ի համեմատ ուղևորահոսքի՝ արդեն մոտ 40 տոկոսի անկում էր գրանցվել: Եվ նույնիսկ, երբ խոսում են, թե 2004-2006 թվականներին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, միգրացիոն սալդոն դրական է եղել, դա սուտ է: Նման բան չի եղել, ըստ վիզաների և անձնագրերի վարչության տվյալների՝ մենք ունեցել ենք բացասական միգրացիոն սալդո»:
Արտակ Մարկոսյանն ասաց, երբ տարին ամփոփվի, և ԱՎԾ-ի անձնագրերի ու վիզաների վարչությունն ամփոփի անձնագրային տվյալները, թե արդյոք քանի հոգի է ՀՀ-ում գրանցվել և քանի հոգի մեկնել, այդ տարբերությունը լինի դրական, և ԱՎԾ-ն հաշվի, թե բնական աճի և միգրացիոն սալդոյի հաշվին մենք ինչքան ենք աճել, այդ ժամանակ պարզ կլինի պաշտոնական թիվը և կերևա՝ արդյոք մենք ունենք բնակչության աճ, թե՝ ոչ:
Բնակչության աճի միտումների մասին ժողովրդագրագետն ասաց. «Մենք վերջին 15-20 տարում բնակչության աճ չենք ունեցել: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, մեզ մոտ քանի որ միգրացիոն սալդոն բացասական է եղել, մեզ մոտ միշտ բնակչության թվաքանակը պակասել է: Այդ 20 հազարն ընդհանուր ուղևորահոսքն է: Բայց ընդհանրապես պետք է դրա վրա արդեն չհիմնվել: Այստեղ մեթոդաբանական փոփոխություն է պետք իրականացնել, քանի որ ԱՎԾ-ի վերջնական տվյալները վիզաների և անձնագրերի վարչության տվյալներն են: Դա ցույց է տալիս, թե ինչքան գնացին, եկան: Վերջնական թիվը ցույց է տալու ԱՎԾ-ն, երբ բնական աճի և միգրացիոն սալդոյի տարբերությունը կհաշվի և կարձանագրի, որ մեզ մոտ տեղի է ունեցել մշտական բնակչության թվաքանակի աճ, այդ ժամանակ կարող ենք ասել, որ ունենք բնակչության ընդհանուր թվաքանակի հավելաճ»:
Արտակ Մարկոսյանն ասաց, որ արդեն մեր երկրում արտագաղթող էլ չի մնացել, քանի որ 27 տարի մեզ մոտ արտագաղթ է տեղի ունեցել. «Էս երկրում արդեն գնացող էլ չի մնացել: Այսպես թե այնպես նվազելու էր արտագաղթը, հեղափոխությունը եղավ, մի քիչ մարդկանց տրամադրություններն ավելի շուտ փոխեց»:
Ժողովրդագրագետը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում ծնունդների թիվը կատաստրոֆիկ կերպով անկում է ապրում. «Ամուսնությունների թիվն է անկում ապրելու. դա պայմանավորված է 90-ականների սինդրոմով: 2014-ից ծնունդների անկում ենք արձանագրում. այս տարի ևս անկում է տեղի ունենալու, բնական աճն է նվազում, առաջնեկների ծնունդներն են նվազում: Եթե մենք հստակ չիրականացնենք ժողովրդագրական քաղաքականություն, ծնունդների թիվը ՀՀ-ում չավելանա, մեզ մոտ բնակչությունը կսկսի նվազել դեպոպուլյացիայի ճանապարհով. մահերը կսկսեն գերազանցել ծնունդներին, և բնակչությունը կսկսի մեզ մոտ նվազել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թուաբանական հաշիւը աւելի հասկնալի էր քան ՄԻԼԿՐԱՑԻՈՆ-ՍԱԼԴՈՆ ?
Իսկապէս անմբռնելի է թէ ինչու ՞ ՀԱՅԵՐԷՆ հարուստ լեզուն կը բռնաբարէք անիմաստ օտարաբանութիւններով ?