Այսօր՝ հունվարի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ձեռքի երրորդ և չորրորդ մատների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 25 շենքի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Պապիկյանն է, ով բժիշկների հայտնած տեղեկություններով՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները կպայքարեին Ս. Պապիկյանի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների, իսկ հետո՝ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 12։20-ի սահմաններում վիրավորի բնակության շենքի բակում անձնական հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել դանակահարվածի և նրա հարևան՝ 28-ամյա Հայկ Մինասյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Պապիկյանին։
Արաբկիրի ոստիկանները բաժնի պետ Ա. Վաթյանի գլխավորությամբ հայտնաբերել են Հ. Մինասյանին և նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը հետաքննիչն առգրավել է։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կասկածյալ Հ. Մինասյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: