Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Բրիտանական «Գարդիան» թերթը 2018 թ. դեկտեմբերի 21-ի իր համարում բացահայտել է նորագույն ֆինանսական սկանդալը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի վերաբերյալ:
Լեյլա և Արզու Ալիևաները ձգտել են ձեռք բերել 76 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան Լոնդոնում՝ օգտագործելով գաղտնի օֆշորային մի ընկերություն: Արժեքը ներառում էր 4 միլիոն դոլար՝ գույքը մեկ բնակարանի ձևափոխելու համար: Բնակարանները գտնվում են Բուքինգհեմյան պալատի այգու մոտ, հայտնում է «Գարդիան»-ի թղթակից Լյուկ Հարդինգը:
2016 թ. իր նախկին հոդվածում «Գարդիանը» հաղորդել էր, որ Ալիևի դուստրերը ստեղծել էին գաղտնի օֆշորային ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում՝ իրենց բազմամիլիոնանոց կալվածքների կառավարման համար:
Երկու դուստրերը Exaltation Limited-ի բաժնետերերն են, որը գրանցվել է 2015-ին՝ «Մեծ Բրիտանիայի սեփականությունը պահպանելու» նպատակով: Օֆշորային ընկերությունը հիմնադրվել է Լոնդոնի Child & Child իրավաբանական ընկերության կողմից, որը կեղծորեն պնդել է, թե ալիևյան կանայք «քաղաքական կապեր չունեն»: Այս տեղեկությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ Պանամայի փաստաթղթերը՝ օֆշորային Mossack Fonseca-ի իրավաբանական ընկերության գաղտնի տվյալները տարածվել են միջազգային լրատվամիջոցներով:
«Գարդիան»-ի տվյալներով՝ Ալիևի դուստրերը «դիզել են հսկայական անձնական գործարար կայսրություններ: Նրանք շքեղ բնակարաններ ունեն ԱՄԷ-ում, ինչպես նաև շահադրույքներ ունեն հեռահաղորդակցության ոլորտում և ոսկու հանքերից: Արդեն հայտնի էր, որ Լեյլա Ալիևան ձեռք էր բերել 22 մլն դոլար արժողությամբ առանձնատուն հյուսիսային Լոնդոնում, Hampstead Lane-ում»: Բացի այդ, Ալիևների ընտանիքը 140 մլն դոլար արժողությամբ շքեղ բնակարաններ ունի ամբողջ աշխարհում և դրանք միայն հայտնի սեփականություններն են՝ ըստ Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետաքննության ծրագրի: Ալիևները ունեն նաև 8 մլն դոլար արժողությամբ բնակարան, որը նայում է Լոնդոնի «Հայդ պարկի» հռետորների անկյունին, 44 մլն դոլար արժողությամբ ինը առափնյա առանձնատուն Դուբայում, ամառանոց Մոսկվայի մոտ, նվազագույնը 37 մլն դոլար արժողությամբ, և 1.1 մլն դոլար արժողությամբ վիլլա՝ Չեխիայի Կառլովի Վարի առողջարանային քաղաքի յուրահատուկ շրջանում:
Բրիտանական կանոնների համաձայն՝ Ալիեւի դուստրերը դասակարգվում են որպես «քաղաքականապես հանրահայտ անձինք» (PEP)՝ նրանց ենթարկելով ավելի մեծ ուշադրության և արժանահավատության ստուգումների բանկերի կողմից: «Գարդիանը» հաղորդել է, որ Child & Child ընկերությունը Բրիտանիայի կառավարությանը չի հայտնել այս երկու կանանց բարձր կարգավիճակի մասին: Պաշտոնական ձևաթերթում, որտեղ հարցնում են, թե արդյոք նրանք PEP-եր են, իրավաբանական ընկերությունը գրել է «ոչ»՝ «այո»-ի փոխարեն:
Մեկ այլ բրիտանացի փաստաբան Դերիք Ֆրենչը «հիմնել է երկրորդ գաղտնի պանամական հիմնադրամը՝ UF Universe Foundation անվանմամբ, «որը վերահսկում էր Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Ata Holding-ի բաժնետոմսերի մեծ մասը, հաղորդում է «Գարդիանը»: 2003 թ. հիմնադրված Ata Holding-ը պատկանում է Ադրբեջանի հարկային նախարար Ֆազիլ Մամեդովին՝ 600 միլիոն դոլար արժողությամբ ընկերության գաղտնի վերահսկիչ փաթեթով: Ata Holding-ին, Ալիևի երեք երեխաների հետ միասին, պատկանում են «երկու խոշոր բանկեր, շինարարական ընկերություններ և Բաքվի հինգաստղանի Excelsior հյուրանոցը»:
2005 թ. UF Universe Foundation-ի կառավարումն անցավ ուրիշի ձեռքը: Նախագահ Ալիևի երեք երեխաները՝ Լեյլան, Արզուն և նրանց եղբայրը՝ Հեյդարը, որն այն ժամանակ յոթ տարեկան էր, հիմնադրամում ունեին 50 տոկոս շահաբաժին: Նրանց մայրը՝ Մեհրիբանը, «հովանավորի» անանուն դերով վերահսկում էր հիմնադրամը: Մյուս «հովանավորը» Մամեդովն էր՝ իր 30 տոկոս բաժնեմասով: Ata-ի նախագահ Ահմեդ Էրենթոքը ստանում էր ընդամենը 15 տոկոս: 2007 թ. UF Universe Foundation-ը փակվեց, սակայն Լեյլա և Արզու Ալիևաները թվարկված էին որպես Ata-ի հիմնական սեփականատերեր՝ մեկ այլ պանամական ընկերության Hughson Management ձեռնարկության միջոցով: Նախագահ Ալիևի մտերիմ Ջավադ Մարանդին Ալիևա քույրերին ներկայացրել էր Child & Child իրավաբանական ընկերությանը, հայտնում է բրիտանական դատարանը: Child & Child-ի ավագ գործընկեր փաստաբան Խալիդ Շարիֆն այնուհետև երկու քույրերի անունից ստեղծել է Exaltation Limited-ը՝ Բրիտանական Վիրջինյան կղզիների ընկերությունը:
Նախագահ Ալիևի դուստրերի կողմից Լոնդոնում 76 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի ձեռքբերման գործով բրիտանական կարգապահական դատարանը Շարիֆին տուգանել է 57 հազար դոլար և 51 հազար դոլար որպես ծախս՝ փողերի լվացման ստուգումներ չիրականացնելու և իր մասնագիտական չափանիշները չպահելու համար:
Պայմանագիրը կնքելուց հետո, Ալիևա քույրերը սկսել են վճարել երկու լոնդոնյան բնակարանների գնման գնի վճարումները՝ փոխանցելով 13 միլիոն դոլար: Սակայն, «2016 թ. գործարքը ձախողվեց, երբ բացահայտվեց նրանց սեփականությունը»:
Զարմանալի չէ, որ «Գարդիան» թերթը բացահայտել է, որ «Միացյալ Նահանգների գաղտնազերծված դիվանագիտական հեռագրերում ենթադրվում է, որ Ադրբեջանի ամենահարուստ մարդը նախագահ Ալիևն է…»:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի