Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմություն դարձող 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր:
Մենք ականատես եղանք մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքացիական ոգու դրսևորումների:
Շուտով ունենալու ենք նոր խորհրդարան և նոր կառավարություն:
Նրանց գործունեության հաջողությունը մեծապես կախված է լինելու Հայաստանի քաղաքացուց: Քաղաքացու աջակցությունից և հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին նրա ակտիվ մասնակցությունից:
Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը նորարարական գաղափարների կիրառման, մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում:
Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու:
Կլինեն նաև դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով:
Եվ ես բոլորիս մաղթում եմ սթափություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:
Սրանք են հաջողության հասնելու բանալիները:
Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը, Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը շարունակելու են գերակա լինել մեր կյանքում:
Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ, անկախ մեր ծննդյան վայրից, ունենք մեկ Հայրենիք:
Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով:
Մենք պետք է հոգ տանենք ազգային ինքնության հիմնասյուների՝ մեր մշակույթի, կրթության, հոգևոր և ընտանեկան արժեքների մասին:
Այս գործում առանցքային դեր է կատարում մեր Սուրբ Եկեղեցին:
Պետք է ավելի հոգատար լինենք մեր պատմական և ազգային ժառանգության, մեր բնության, գյուղի, քաղաքի և ընդհանրապես մեր երկրի նկատմամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս պահին հոգով և մտքով բոլորիդ հետ եմ, բոլորիդ կողքին՝
սահմանում կանգնած զինվորի և սպայի, շտապ օգնության մեքենայում և հիվանդանոցում հերթապահող բժշկի, ծառայություն իրականացնող ոստիկանի,
հրշեջի, հացթուխի և տաքսու վարորդի, գյուղացու և բանվորի, գիտնականի, արվեստագետի և մյուսների:
Հատկապես մտահոգված եմ դժվար ապրող ընտանիքների համար:
Նրա՛նց, որ դեռ տուն չունեն, նրա՛նց, որ ապրում են սահմանամերձ բնակավայրերում:
Մտահոգ եմ վիրավորների, հիվանդների համար:
Մաղթում եմ հոգսերի թեթևացում:
Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները:
Թո՛ղ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը:
Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում՝ մենք կլինենք առաջինը»:
Մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղություն, մեր ընտանիքներին՝ առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, մանուկներին՝ ծիծաղ ու խինդ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ:
Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարազատները, ընտանիքները, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, աշխարհի յուրաքանչյուր հայ կարողանա երազել և իրականացնել իր երազանքները:
Շնորհավոր Նոր տարի»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ