ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշի ուղերձը Նոր տարվա կապակցությամբ
Սիրելի՛ աշխարհաքաղաքացիներ,
Մաղթում եմ ձեզ երջանիկ, խաղաղ ու բեղուն Նոր տարի։
Անցյալ Նոր տարվան ընդառաջ՝ կարմիր լույս ազդարարեցի, և իմ նշած վտանգները դեռևս կան։ Հիմա շատերի համար դժվար ժամանակներ են, և մեր աշխարհը սթրեսային փորձության միջով է անցնում։
Կլիմայի փոփոխությունն ավելի արագ է ընթանում, քան մենք։
Աշխարհաքաղաքական տարաբաժանումները խորանում են՝ դժվարացնելով լուծումներ գտնել հակամարտությունների համար։
Ռեկորդային թվով մարդիկ տեղից տեղ են շարժվում՝ հանուն անվտանգության և պաշտպանության։
Աճում է անհավասարությունը։ Իսկ մարդիկ հարց են ուղղում այն աշխարհին, որտեղ մի խումբ մարդիկ ունեն այնքան հարստություն, որքան մարդկության կեսը։
Ավելանում է անհանդուրժողականությունը։
Վստահությունն անկում է ապրում։
Այդուհանդերձ, հուսալու առիթներ կան։
Եմենի շուրջ բանակցությունները խաղաղության հնարավորություն են ստեղծել։
Սեպտեմբերին Ռիադում Եթովպիայի և Էրիթրեայի միջև ստորագրված համաձայնագիրը թուլացրել է երկարատև լարվածությունն ու բարելավման հեռանկարներ է առաջացրել ողջ տարածաշրջանի համար։
Իսկ Հարավային Սուդանում հակամարտող կողմերի միջև կնքված համաձայնագիրը վերակենդանացրել է խաղաղության հնարավորությունները՝ ավելի շատ առաջընթաց գրանցելով նախորդ չորս ամիսների, քան՝ նախորդ չորս տարիների ընթացքում։
Միավորված ազգերի կազմակերպությունը կարողացավ միավորել երկրներին Կատովիցայում՝ հաստատելով Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի իրականացման աշխատանքային պլանը։
Այժմ մենք պետք է զորացնե՛նք կենսականության հանդեպ այս սպառնալիքներին դիմակայելու ձգտումը։
Ժամանակն է բաց չթողնե՛լ մեր վերջին լավագույն հնարավորությունը։
Ժամանակն է դադարեցնե՛լ անվերահսկելի և աճող կլիմայական փոփոխությունները:
Վերջին տարիներին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց նաև միգրացիայի և փախստականների հարցերով հիմնարար գլոբալ համաձայնագրեր, որոնք կօգնեն փրկել կյանքեր և հաղթահարել վնասաբեր գործողությունները։
Եվ ամենուր մարդիկ մոբիլիզացվում են Կայուն զարգացման նպատակների մեր համաշխարհային ծրագրի շուրջ հասնելու խաղաղության, արդարության ու բարգավաճման առողջ մոլորակում։
Երբ կա միջազգային համագործակցություն, աշխարհը հաղթում է։
2019 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի համախմբել մարդկանց ստեղծելու կամուրջներ և հնարավորություն՝ լուծումների համար։
Մենք կպահպանենք ճնշումը։
Եվ երբե՛ք չենք հանձնվի։
Նոր տարվան ընդառաջ՝ եկեք լուծե՛նք սպառնալիքների դիմակայության հարցը, պաշտպանե՛նք մարդու իրավունքները և ավելի լավ ապագա կառուցե՛նք միասին։
Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղ և առողջ Նոր տարի։