Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրու Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում։ 77-ամյա Ա․Մ-ն, որը դուրս է եկել շքամուտք մաքուր օդ շնչելու, 4-րդ հարկից պատահաբար վայր է ընկել ու մահացել։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրան մոտ երեք ժամ առաջ հիվանդանոց են տեղափոխել, հոգեվարքի մեջ է եղել։ Նրա մոտ եղել է պոլիտրավմա, շոկ, հոգեվարքային վիճակ։ Նա տառապել է շաքարային դիաբետով։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն (լուսանկարում) էլ ասաց, որ նախապատրաստվում են նյութեր, ձեռք բերված նախնական տվյալներով նա պատահաբար է վայր ընկել, ինքնասպանություն գործելու հետ կապված դեռ որևէ տվյալ չկա։ Ըստ դատախազի, կհարցաքննվեն հարազատները, հարևանները, կստանան դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որից հետո կորոշեն քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը։
Տղամարդը բնակվում էր ընտանիքի անդամների հետ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ