ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գազի գնի վերաբերյալ արված այն հայտարարությունը, թե գազի գինը կբարձրանա, սակայն «Գազպրոմ Արմենիան» այն հայաստանցի սպառողների համար չի բարձրացնի, ասաց. «Կարծում եմ, որ դա հնարավոր է: Երբ նախկինում տարբեր ընկերություններ էին, մինչեւ սահմանի վրա բերողը ռուսական «Գազպրոմն» էր, իսկ հետո նախկին «Հայռուսգազարդը», վերջինս գազն առնում էր ոնց որ սահմանի վրա, հետո վերավաճառում էր՝ հաշվի առնելով իր ծախսերը, ծառայության արժեքը եւ այլն: Մի քանի տարի առաջ Հայաստանն իր փայաբաժինը նույնպես վաճառեց եւ կորցրեց այդ կտորը, որով այդ երկու ընկերություններն իրարից տարբերվում էին:
Այժմ այդ երկու ընկերությունները՝ «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» նույն շղթայի մեջ գտնվող ընկերություններ են: Ես միշտ ասել եմ, որ նույն ընկերության դեպքում անհասկանալի է սահմանի վրա գազը մի գնով առնելը, մեկ այլ գնով վերավաճառելը: Հիմա եւս այդ ֆոկուսը շարունակվում է, բայց քանի որ արդեն հնարավորությունները կան վերանայելու, հայկական կողմն արդեն անհանգստանում է, որ ռուսական գազի գինը կարող է էական տնտեսական պրոբլեմ առաջացնել;
Այստեղ մեկ այլ կարեւոր բան կա՝ ոչ ոք չի խոսում մինչեւ 2049 թ գազի վերաբերյալ ստորագրված պայմանագրում ինչ է գրված: Մի քանի տարի առաջ այդ պայմանագիրն աղմուկ առաջացրեց, եւ այնտեղ խոսվում էր, որ գազի գինը պետք է մնար հաստատուն, որքան հիշում եմ: Կարծեմ թե ֆորս-մաժորային իրավիճակներում միայն պետք է փոխվեր՝ կախված ինչ-ինչ հանգամանքներից: Ու մենք միշտ ասում էինք, որ գազի գինը պետք է մնա նույնը, ի՞նչ է նշանակում 49 տարի: Կարծում եմ այդ պայմանագիրը պետք է ուսումնասիրել եւ վեր հանել, թե այնտեղ ինչ է գրված»:
Գագիկ Մակարյանի խոսքերով. «Ակցիզային հարկի տրամաբանությունը կար՝ ակցիզային հարկը պետք է բարձրանար վառելիքի, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի եւ որոշ ապրանքների վրա, որոնք ստորագրված էին ԵԱՏՄ-ի շրջանակում, որպեսզի գազի գինը մոտենար միջինին:
Հիմա, եթե համարում ենք, որ հայկական գազի գինը միջինից թանկ է, բարձրացման տարբերակ իսկապես չկար, հետեւաբար նույն գինը թողնելը լրիվ տրամաբանական է, որովհետեւ գիտենք նաեւ , որ նույն Բելառուսը կամ Ուկրաինան մեզանից ավելի էժան են գազը վերցնում, ու ԵԱՏՄ-ի շրջանակում գազի գինը Հայաստանի համար արդեն իսկ բարձր էր: Այսինքն, եթե գազը սահմանի վրա թանկանում է, կարեւորն այն է, որ սպառողին հասնի նույն գնով:
Բայց այստեղ որոշակի խաղ կարող է լինել՝ հետո ժամանակի ընթացքում այնպես չլինի, որ սահմանի վրա թանկ ստանալը հանգստացնի մեզ, ինչ է թե գինը վերջում չի փոխվում, բայց մեկ-երկու տարի հետո այդ հատվածն ասի, որ իր կորուստներն այնպիսին են, որ դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու ասի, թանկ եմ ստանում, իմ եկամուտները նվազել են, պետք է թանկացնեմ:
Չի բացառվում, որ սա կարող է լինել մանյովր, որի մասին մեր իշխանությունները գիտեն, կամ մանյովր, որի մասին իշխանությունները դեռ չգիտեն: Կարող է նաեւ չլինել մանյովր:
Ամեն դեպքում այս պահին դա կարեւոր եմ համարում, քանի որ մեր տնտեսական եւ սոցիալական վիճակը, ժողովրդի սպառման հնարավորությունները մանավանդ ձմեռվա շեմին դեռեւս թույլ չեն տալիս էական թանկացումների գնալ: Բայց խորհուրդ կտամ, որ համապատասխան պետական մարմինները ոչ թե խնդրելու, բանակցելու համոզելու տարբերակով նայեն խնդրին, այլ նայեն, թե մեր կնքած պայմանագրերն ինչ են ասում:
Եվ եթե այդ պայմանագրերում կոպիտ սխալներ են թույլ տվել նախկին իշխանությունները, փորձենք դրանք ինչ-որ կերպ վերանայել կամ գտնել լուծումներ»:
Գագիկ Մակարյանը նաեւ չի կարծում,թե ի տարբերություն շարքային սպառողի, գազի գինը կփոխվի խոշոր ընկերությունների համար. «Եթե նա ստանում է գազը եւ սպառողին նույն գնով է հասցնում, այդտեղ խոսքը միայն քաղաքացիների մասին չէ, սպառողը բոլորն են, այդ թվում՝ խոշոր ընկերությունները: Իրենք չեն կարող ինքնուրույն որոշել, որ բոլորին պետք է էժան գազ տրամադրեն, խոշոր ընկերություններին՝ թանկ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դա պետք է քննարկի ու որոշի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ