Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երջանկության բանաձևը

Դեկտեմբեր 31,2018 14:21

Երկրի խորքը կամ զրույց վարչապետի հետ. Մաս 7-րդ (նախորդ մասը կարդացեք այստեղ)

Հարգելի վարչապետ արդեն յոթերորդ զրույցն եմ սկսում, խորհրդանշական յոթը: Ասելիքս էլ խորհրդանշական է, քաղաքացու ամանորյա մաղթանք-երազանքի պես մի բան, մեծ սպասում 2019-ից: Գուցե հեռվից եկող, գուցե անսովոր մաղթանք է, չգիտեմ:

Դուք առաջին քայլը սկսեցիք Գյումրիից, մեր մշակութային, ոգեղեն կենտրոնից, 30 տարի երկրաշարժի սարսափն ու հետևանքը կրող, բայց անգամ ավերակների միջից ժպտացող, աղքատության, ժանգոտած դոմիկների միջից հումորով, հավատով Ձեր քայլերին հետևող Գյումրիից:

Այդ պահին ես ծանր վնասվածքով գամված էի անկողնուն ու անհագ կարդում էի՝ արտածելով չնչին թվացող բաներով երջանիկ լինելու իմ բանաձևը:

Երբ Դուք սկսեցիք խոսել երջանիկ պետության ու երջանիկ քաղաքացու տեսլականի մասին, դա այնքան ներդաշնակ էր իմ վաղեմի երազանքին: Թեև ինձ սարսափեցնում էր եղբայրասպանություն գուժող հեղափոխություն բառը: Փառք Աստծո, որ հնարավոր եղավ իրականացնել խաղաղ, անարյուն հեղափոխություն: Ես տեսա ժողովրդի հրճվանքը:

Տասնամյակներ առաջ, երբ ես՝ Խորհրդային երկրում երազող, խենթ ուսանող էի, կարդացի Պլատոնի «Պետություն» երկխոսությունը ու իմ հոգում խորունկ ու պինդ պահեցի անկախ, երջանիկ պետություն ունենալու երազանքը:

88-ը իմ երջանկության գագաթնակետն էր, ազատության շեփորի մեղեդու ներքո, ալեկոծ օվկիանոսի կաթիլը լինելու մեծ երջանկությունը: Հետո 91-ը: Մարմին առավ Հայոց անկախ, պետություն ունենալու իմ, բոլորիս երազանքը:

Երեսուն տարի անց ես նորից կարդացի պետության մասին յոթ փիլիսոփաների զրույցը՝ հասկանալու համար, թե նրանց նախանշած հինգ տեսակի պետություններից ո՞րը բարձրացավ մեր՝ բոլորիս երազանքների, ջանքերի ու հուսախաբությունների վրա:

Ես մտածեցի, որ Դուք նույնպես կարդացել եք այդ երկխոսությունը ու արտածել. «Երջանիկ Հայաստան ու նրա երջանիկ քաղաքացի» բանաձևը:

Իսկ երբ կրկնակի մերժվեց պետության կառուցմանը մասնակցելու իմ մեծ մղումը, ես չհուսահատվեցի, ինչպես նախորդ անգամ և որոշեցի կյանքի կոչել քաղաքացու ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր երազանքներ, քան իշխանության բուրգի մի քարը լինելը, ու այդպես մասնակցել իմ Հայաստանի վերակերտմանը:

Պարոն վարչապետ, ես ուշադիր հետևում էի Ձեր յուրաքանչյուր քայլին, յուրաքանչյուր խոսքին և տեսա, որ աստիճանաբար երջանկության բանաձևը դուրս եկավ Ձեր հռետորաբանությունից և կառավարության ձևավորման պահին 2019-ի շեմին ուզում էի հիշեցնել: Չգիտեմ, Ձեզ դուր եկավ այլ զրուցակից ներգրավելու իմ գաղափարը, բայց ես որոշեցի ընտրել այդ ձևաչափը և այսօր մեր զրույցում ներգրավել Պլատոնին: Գուցե դուք չհամաձայնվեք ու նրա տեսությանը հակադրեք ժողովրդավարության ջատագովների փիլիսոփայությունը՝ ինչպես Կարլ Փոփերի գաղափարները, որը Պլատոնին անվանում է ժողովրդավարության առաջին թշնամին:

Չգիտեմ որքան կապրի 20-րդ դարի փիլիսոփա Կարլ Փոփերի տեսությունը, բայց 2400 տարուց ավել փիլիսոփայության պատմությունը կառուցված է Պլատոնին հաստատելու կամ ժխտելու տրամաբանությամբ:

Ես դեռ ուզում եմ հավատալ, որ կառուցելու ենք մեր երազանքներում ու մեր բոլոր սահմանադրություններում բնորոշված երկիրը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական Հայաստանի Հանրապետությունը: Ութամսյա փորձաշրջանը կասկածների տեղիք է տալիս, այնուհանդերձ՝ ամանորյա լավատեսությամբ հավատում եմ մեր երկրի, արդար, խաղաղ, բարեկեցիկ վաղվան:

Բայց նորից դառնանք Պլատոնին ու նրա բացահայտած հավերժական ճշմարտությանը՝ պետության ղեկավարն ու բոլոր կառավարիչները պետք է լինեն փիլիսոփա, և սա նրա իդեալական պետության գոյության առաջին նախապայմանն է: Իսկ փիլիսոփա ասելով մեծ մտածողը հասկանում էր ոչ թե սոսկ գիտնականի, խելացի մարդու, այլ իմաստնացած, շրջահայաց բազմակողմանի զարգացած անհատին, ով տիրապետում է իր կրքերին ու զգացմունքներին:

Երևի Պլատոնը բացահայտում է նաև հայոց պետականության ձախողումներն իր հազարամյակների ճանապարհին, հետագայում մեր իշխանների անիմաստասեր վարքը պիտի ողբար Խորենացին, և արդեն 20-րդ դարում օտար խարույկներից ոգու կրակ հայցող իշխանավորներին պիտի խարազաներ հանճարեղ Չարենցը:

Իմ կարծիքով՝ առաջնորդների նկարների կողքին մեծ տառերով պետք է կախվեր նաև Կիլիկիո Հեթում արքայի մեղայականը, որ նա թողել էր իր ավետարանի հիշատակարանում

Հեթում՝ անվամբ լոկ թագավոր,

ներքուստ աղքատ ու պարտավոր,

թեև իշխե ազգին հայոց,

բայց ոչ իշխե ախտից յուրոց…

Անկախ Հայաստանի նախորդ ղեկավարները երևի ունեն ավետարան, բայց չգիտեմ հիշատակարան ունեն, որտեղ արձանագրեն ամեն ինչ և մեղա գան: Հիմա կարծես ավանդույթ է ձևավորվում մեմուարներ գրելը, որտեղ հիշատակվում են միայն բարի, վեհ, հերոսական գործերը:

Չգիտեմ ուրիշ ինչ նոր մեմուարներ կկարդանք, բայց մի բան ակնհայտ է՝ մեր իշխանավորները, ովքեր պաշտում են վիճակագրությունը, տառապում են ամնեզիայի մի տեսակով, որ կոչվում է. մոռանալ գործած չարիքը, ձախողումները, սխալները և վիճակագրության զիլ հրացանից կրակել թվեր տոկոսներ, փաստեր, որոնք ձեռնտու են իրենց: Հետո, տնտեսագետների, վերլուծաբանների հավաստմամբ պարզվում է, դրանք սոսկ մանիպուլյացիաներ են եղել:

Մի՞թե նույնը չէին ասում սոփեստները.

-Քանի որ ճշմարտություն գոյություն չունի,- ասում էին նրանք,- և ամեն ինչ հարաբերական է, ուրեմն ճշմարտությունն այն է, ինչ հարմար է, ձեռնտու է ինձ:

Պլատոնն գտնում է, որ իդեալական պետությունը համարժեք է արդարությանը: Այն հնարավոր է կառուցել, եթե բնությունից տրված մարդկանց չորս դասերը լինեն իրենց տեղում՝ իմաստունները կառավարեն, հսկիչները պաշտպանեն, շինարարներն արարեն և հետաքրքիր է, որ ուսուցիչներին ու արվեստագետներին նա անվանում է պահապաններ, ովքեր պետք է պահպանեն ու զարգացնեն ոգեղենը: Բոլորը միասին պետք է բարիք ստեղծեն, և ձևավորվի երջանիկ քաղաքացիների երջանիկ պետությունը:

Եվ քանի որ արդարություն երբեք չի եղել, և ոչ մի իդեական բան չի կարող լինել, Արարչից բացի, հետևաբար և մարդկության պատմության մեջ չեն եղել այսպիսի պետություններ: Չեն եղել, քանի որ իշխանությունը անտեսանելի է դարձնում սեփական թերությունները, և իշխանավորներն առաջնորդվել են իրեց կրքերով ու զգացմունքներով: Բայց պատմության մեջ շահել ու զարգացել են այն պետությունները, որոնք փորձել են կիրառել Պլատոնի բանաձևը:

Ըստ անտիկ մեծ մտածողի՝ պետությունները դասակարգվում են հետևյալ կերպ՝ միապետություն, թիմոկրատիա կամ փառասերների պետություն, օլիգարխների պետություն, որն անպայման քայքայվում է, երբ արթնանում է դեմոսը՝ ժողովուրդը և պետությունը դառնում է ժողովրդավարական, իսկ ժողովրդավարական պետությունը ոչ պատշաճ կառավարման արդյունքում ձևախեղվում է և վերաճում է իր հակապատկերին՝ բռնապետության, որ նա կոչում է տիրանիա:

Աստված հեռու պահի Հայաստան աշխարհը ժողովրդավարության նոր ձևախեղումից: Մեր երկիրը, կարծում եմ անցել է այս բոլոր փուլերով: Ինչպիսի պետություն ենք ունեցել մեր ոգեղեն արթնացումից մինչև դառը հիասթափությունը, կորոշարկեն պատմաբաններն ու քաղաքագետները:

Ինչ ընթացք կունենա ժողովրդավարությունը 2019 թվականից հետո, կախված է Ձեր քաղաքական կամքից, կադրային քաղաքականությունից, Ձեր քաղաքական ուժի աշխատանքից ու հետևողականությունից:

Հարգելի վարչապետ, շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու սուրբ ծնունդը և մաղթում եմ առողջություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում յուրաքանչյուր հայ մարդու, որպեսզի դուք Ձեզ լիարժեք երջանիկ զգաք:

Մաղթում եմ, որ սկիզբ առնի հայրենիք վերադարձողների քարավանը և Արցախի հետ, համայն հայության հետ միասին քայլ անենք դեպի երջանիկ պետություն կերտելու ուղին:

Պետություն, որտեղ կկառավարեն իմաստունները, օրենքն ու սահմանները կպաշտպանեն խելամիտ, ուսյալ հսկիչները, շինարարներն ու շինականները կարարեն և ոգին ու տեսակը կպահպանեն աստծուց կոչված ուսուցիչները, արվեստագետներն ու գիտնականները:

Էվելինա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31